12.09.2018 13:42

Պենտագոնի ղեկավար. Սիրիային հարվածելը նախազգուշացում էր Ասադին

Պենտագոնի ղեկավար. Սիրիային հարվածելը նախազգուշացում էր Ասադին

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը սիրիական ուժերին հասցված նախորդ հարվածներով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին նախազգուշացրել է քիմիական զենք կիրառելու հետևանքների մասին:

«Մենք նրան նախազգուշացրել ենք: Տեսնենք՝ խելքի եկե՞լ է, թե՞ ոչ»,- ասել է Մեթիսը:

2017 թ. ապրիլի 4-ին Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում քիմիական գրոհ էր տեղի ունեցել, որի զոհ էր դարձել առնվազն 100 մարդ: Արևմտյան երկրների մեծ մասը և Սիրիայի ընդդիմությունը դրա պատասխանատվությունը դրել էին Սիրիայի կառավարության վրա: Դամասկոսը հերքել էր այդ մեղադրանքը: Այնուհանդերձ, ապրիլի 7-ին ԱՄՆ-ը թևավոր հրթիռներով հարվածել էր Շայրաթում սիրիական ռազմաբազային:

2018 թ. ապրիլի 7-ին սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները Արևելյան Գուտայում հայտարարել էին կառավարական ուժերի կողմից Դումա քաղաքում գրոհայինների ու խաղաղ բնակչության դեմ թունավոր գազ կիրառելու մասին: Դամասկոսը կրկին հերքել էր մեղադրանքը, իսկ Ռուսաստանն այդ միջադեպի տեսանյութերն անվանել էր խաղարկային: Սակայն ապրիլի 14-ին ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հարված էին հասցրել Սիրիայի տարածքում գտնվող այն օբյեկտներին, որոնք, ենթադրաբար, կապ ունեին քիմիական զենքի արտադրության և պահման հետ:

Փոխանցում է Interfax-ը: