13.09.2018 11:14

Սերգո Տոնոյան. Պատերազմ պետության դեմ

Սերգո Տոնոյան. Պատերազմ պետության դեմ

Գուցե ոմանց համար գաղտնալսման հայտնի իրադարձությունը առիթ տվեց տարատեսակ խոսակցությունների եւ վերլուծությունների, սակայն, մեր խորին համոզմամբ, առավել նշանակալից են եւ ուշադրության արժանի ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետի արած՝ իրավամբ սենսացիոն մի շարք հայտարարություններ։ Կասկածից վեր է, որ գաղտնալսման, առավել եւս՝ դրա հրապարակման հանգամանքը խիստ մտահոգիչ պետք է լինի բոլորիս համար, իսկ հարուցված նոր քրեական գործը ամենաարագ կերպով պարտավոր է սպառիչ պատասխանել՝ ի՞նչ աստիճանի դավադրության հետ գործ ունի մեր պետությունն ու նրա անվտանգության ծառայությունը։ Սակայն, ինչպես նշեցինք, այս պատմության առանցքում պետք է դիտարկել 2008 թվականի մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հրապարակած նոր բացահայտումները, որոնք, անկասկած, շրջադարձային են, եւ ահա թե ինչու։

Մարտի 1-ի ողբերգության բացահայտման գործընթացի ամենացավալի, իսկ նախկին իշխանությունների, մասնավորապես՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից ամենահամառ ձեւով վիճարկվող հարցը մշտապես եղել է բանակի ներգրավվածության իրական պատկերը պարզելու խնդիրը։ Այժմ, երբ ՀՔԾ պետը ներկայացնում է քրեական գործի ընթացքի որոշ մանրամասներ, արդեն ապացուցված հանգամանքներ, այդ պատկերն ամբողջանում է, ցավոք սրտի՝ ամոթալի ու խայտառակ դրության մեջ դնելով մեր պետությունն ու ժողովրդին։ Հակառակ պարագայում՝ ինչպե՞ս հաշտվել այն մտքի հետ, որ բանակը ոչ միայն պարզապես ապօրինաբար ներքաշված է եղել ներքաղաքական գործընթացներին, այլ նաև սահմանադրական կարգի տապալման հրեշավոր ծրագրի իրականացման գլխավոր միջոցն է եղել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի արյունոտ ձեռքերում։

Որքան էլ ծանր լինի համակերպվել, սակայն ի հայտ եկած ապացույցները, դժբախտաբար, փաստում են՝ այո՜, բանակը կրակել է, իսկ ինքնաձիգներից արձակած կրակի թիրախում են եղել բնակելի շենքերը եւ ցուցարարները։ Ավելին՝ ապացուցված է արդեն, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Սակայն լիարժեք պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իրադարձությունների զարգացման ամենասկզբնական փուլին։

Այսպես ուրեմն, բանակի ապօրինի ներքաշումը սկիզբ է առնում փետրվարի 23-ի հույժ գաղտնի 0038 հրամանով, որը, փաստորեն, կանխորոշում է իրադարձությունների հետագա ընթացքը, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն ու Միքայել Հարությունյանը, չսպասելով ԿԸՀ-ի փետրվարի 24-ի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը, միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականներին, արդեն իսկ խնդիր են դնում բանակը բերել զորանոցային վիճակի՝ կանխելու համար վերոհիշյալ, բայց դեռեւս գոյություն չունեցող արդյունքները իբր ապօրինաբար վիճարկող զանգվածների խաղաղ ցույցերը։

Հաջորդ բացահայտումները ուղղակիորեն ցույց են տալիս, որ բանակը զորանոցային վիճակի բերելը ոչ այլ ինչ էր, եթե ոչ նախապես ծրագրված մի այնպիսի դավադրական գործողություն, որը ազդելու էր հակամարտության գոտում հայկական ուժերի մարտունակության վրա։ Պարզվել է, որ 0038 խիստ գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել էր Երեւանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, սահմաններում շաբաթներով զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են վտանգավոր վիճակներ, եւ արդյունքում եղել է դիվերսիա: Ի՞նչ է սա, եթե ոչ դավադրություն։

Խայտառակությունը հասնում է գագաթնակետին, երբ իմանում ենք, որ նախկին պաշտոնյաները մեր բանակի զինվորներին վերածել էին վարձկանների: Ինչպիսի՞ բացատրություն կարելի տալ այն փաստին, որ այդ նույն՝ փետրվարի 23-ից մինչեւ մարտի 7-8-ը ընկած ժամանակաշրջանում, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որպեսզի զինծառայողները պաշտպանեն պաշտոնյաների եւ օլիգարխների ունեցվածքը, վերջիններիս քաղաքական նկրտումները: Ավելին, այս նպատակով օլիգարխների թիկնապահներին են բաժանվել մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որպեսզի սրանք էլ, իրենց հերթին, չտարբերվեն զինծառայողներից եւ հեշտությամբ կազմակերպեն սադրանքներ։

Ահա այս ամենից հետո է վրա հասնում Տիգրան Աբգարյանի սպանությունը հատուկ ջոկատայինների կողմից, որպեսզի Քոչարյանը հեշտությամբ հիմնավորի արտակարգ դրություն մտցնելու իր հրամանագիրը, որպեսզի որեւէ խոչընդոտ այլեւս չլինի կրակելու բնակելի շենքերի եւ անզեն ցուցարարների վրա։ Հիրավի, սա սեփական ժողովրդին եւ պետությանը պատերազմ հայտարարելու եւ նրանց դեմ իսկական ռազմական գործողություններ իրականացնելու հրեշավոր ծրագիր էր, ինչի բազմաթիվ այլ մանրամասներ դեռեւս բացահայտված կամ հրապարակված չեն։

Իսկ այժմ հայացք նետենք մեր օրերին։ Այդ ովքե՞ր են հրճվում գաղտնալսման հրապարակման փաստից, այդ ովքե՞ր են վայրահաչում պետական տեռորի մասին, ովքե՞ր են մեղադրվում թալանի եւ սպանությունների մեջ, ի վերջո՝ ովքե՞ր են շարունակում պատերազմել քաղաքացու, հայ ժողովրդի եւ պետության դեմ․․․