13.09.2018 14:14

Լիզա Ճաղարյան. Բացառիկ լկտիության քոչարյանական «սեանսները»

Լիզա Ճաղարյան. Բացառիկ լկտիության քոչարյանական «սեանսները»

Նոր Կաշպիրովսկի է հայտնվել։ Էս անգամ՝ Հայաստանում։

Էս Կաշպիրովսկին, ուրեմն, հեղեղել է հայաստանյան ԶԼՄ-ներն իր «բացառիկ» հարցազրույցներով՝ հույսը դնելով ո՛չ միայն իր ընտանիքի «արդարագույն քրտինքով» կուտակած, հրաշագործ փայտիկով «զրո»-ն միլիարդներ դարձրած փողի զորության վրա, այլեւ՝ իր անզուգական խոսքի կաշպիրովսկիական ազդեցության վրա։

Իր նման մի շատ խելոք մարդ ականջին երեւի շշնջացել է, որ եթե օրական մի քանի անգամ բերանացի արտասանի, թե ինքն ինչքան լավն էր, ինչ մեծամեծ գործեր է արել Հայաստանի համար, ինչ անզուգական ղեկավար է եղել, ժողովրդավարության եւ արդարադատության ինչ բարձունքներ է գրավել Հայաստանն իր օրոք, ազատ խոսքն ինչպես էր ծաղկում իր «բարձր հովանու» ներքո եւ այսպես շարունակ... Մեկ էլ մի օր Հայաստանը կաշպիրովսկիական թմբիրի ազդեցության տակ կախարդված ու հմայված ասելու է՝ Քոչարյանից դենը լավ ղեկավար մենք ոչ ունեցել ենք, ոչ էլ երբեւէ ունենալու ենք։

Ու ազգովի սլանալու ենք Քոչարյանենց դղյակն ու էս «հրաշքին» մեր ուսերին առած բերելու ենք ու նորից նստեցնենք մեր գլխին։

Բայց այս նորօրյա պարոն Կաշպիրովսկին՝ իր «բացառիկ» սեանսներով ակնհայտորեն ո՛չ թե հասարակությանն է թմբիրի ծոցը նետել,  այլ՝ հենց ինքն իրեն։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Մարտի 1-ի գլխավոր կասկածյալը բացառիկ ամբարտավանությամբ այնքան գովերգեց ինքն իրեն, որ արդեն մինչեւ քթածակերը խրվել է ինքնախաբեության ճահճի մեջ։ Ա՛յն աստիճանի ինքնախաբեության, որ զարմացած բարձրաձայնում է, թե ինչու հայտնի գաղտնալսումից հետո հրաժարական չի տալիս «խայտառակված» իշխանությունը։  

Պարոն «Կաշպիրովսկուն» ուշքի բերենք։

Սա ասում է մի մարդ, որի ղեկավարության օրոք սահմռկեցնող Հոկտեմբերի 27 պայթեց Հայաստանի գլխին։ Օրը ցերեկով ԱԺ ներխուժեցին մի քանի «նարկոման ռոմանտիկներ» եւ գնդակահարեցին ութ հոգու, որոնցից մեկը ՀՀ ԱԺ նախագահն էր, մյուսը՝ ՀՀ վարչապետը։ Հիշեցնեմ, աշխարհը նման բան չէր տեսել։ Իսպանիայում տարիներ առաջ նման ներխուժում էր եղել, ընդամենը մեկ մարդ էր զոհվել, այն էլ՝ պատահական կրակոցից։

Քոչարյանը հրաժարական չտվեց։ Հակառակը՝ ամրապնդեց իր խարխուլ իշխանությունն այդ «նարկոմանների» շնորհիվ, իսկ հետագայում՝ ՀՀ պաշտպանության նախարար նշանակեց Սերժիկ Սարգսյանին, որը, ուշադրություն դարձրեք, Աժ նախճիրի ժամանակ ՀՀ ազգային անվտանգության նախարարն էր, եւ բազմաթիվ տվյալներ կան, որ այդ կառույցում տեղյակ էին հունանյանների դիվային ծրագրի մասին։ Քոչարյանը պարգեւատրեց Սերժիկ Սարգսյանին՝ անբասիր աշխատանքի համար, այս անգամ էլ նրան վստահելով սահմանների անվտանգությունը։

Սա ասում է մի մարդ, որի թիկնապահները հասարակության աչքի առաջ ծեծելով սպանեցին Պողոս Պողոսյանին՝ ընդամենը չափից ավելի անմիջականության համար, եւ Քոչարյանը ոչ թե հրաժարական տվեց, այլ թեւերը փռեց իր մարդասպան թիկնապահների վրա, եւ «ազատ ու անկաշկանդ» իրավապահ մարմինները «հայտնաբերեցին» ընդամենը մեկ մարդասպան թիկնապահի, որն ընդամենը «անզգուշորեն քաշքշել էր» հանգուցյալին, եւ դրա համար, պարզ է, չէ՞, նրան ազատազրկելը շատ անարդարացի բան կլիներ, եւ արդար, առանց հրահանգների գործող դատարանը նրան առոք-փառոք ճամփեց տուն։

Սա ասում է մի մարդ, որի օրոք սպանվեց Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը, եւ առանց պատվերի աշխատող արդարադատները «պարզեցին», որ դա ինքնասպանություն էր։ Արծրուն Մարգարյանը երկու կրակոցով ինքնասպանություն էր գործել, կրակոցներից մեկն էլ թիկունքից էր արձակել ինքն իր վրա։

Սա ասում է մի մարդ, որի օրոք Հայաստանի հանրության ցանկացած բողոքի ակցիայից, հանրահավաքից հետո հարյուրավոր մարդիկ գազանաբար ծեծվելով հայտնվում էին բանտերում, եւ մեր բանտերը պայթում էին քաղբանտարկյալների առատությունից։

Սա ասում է մի մարդ, որը Մարտի 1-ի լուսաբացին գազազած համազգեստավորներին քսի տվեց Ազատության հրապարակում խաղաղ քնած ցուցարարների վրա եւ օրն ավարտեց Երեւանի կենտրոնը արյան ծով դարձնելով։

Սա ասում է իր ձեռքով սպանված անմեղ կենդանի հեծնած «վոինը»։ Եվ իր «բացառիկ»-ներից մեկում էլ հպարտանում է իր որսորդական փառավոր ուղիով։

Եվ ինչու՞ չասի ու չհպարտանա, եթե էս ինքնախաբեության ծոցում խլվլացող Կաշպիրովսկու փողի համից հարբած լրագրողների մի խառնակույտ հերթ է կանգնել սրա դռանը՝  «բացառիկ» բարբաջանքներ մուրալու համար։

Երեւի հիշում եք իրական Կաշպիրովսկու գործունեության անփառունակ վախճանը։

Քոչարյանին էլ հիշեցրեք։ Թող հիմա էլ Չումակի տարբերակը փորձի։

Հասարակության վրա ազդեցություն չի գործի, բայց ջուրն իրոք զորավոր բան է, ինչ իմանաս, մեկ էլ տեսար՝ պարոն կասկածյալի հիշողությունը պայծառանա, եւ նրա ապագա գիրքն իր իսկ կատարած անթիվ հանցագործությունների մասին ինքնախոստովանական ցուցմունքի փոխակերպվի:

Ի՜նչ բեսթսելլեր կդառնա, պատկերացնու՞մ եք։

Բացառի՛կ։