13.09.2018 14:49

Թուրք զինվորականներն ամրացնում են իրենց դիրքերը Իդլիբում

Թուրք զինվորականներն ամրացնում են իրենց դիրքերը Իդլիբում

Թուրք զինվորականները Իդլիբի նահանգում ամրացնում են իրենց դիրքերը՝ Սիրիայի կառավարական զորքերի հնարավոր հարձակմանը դիմակայելու համար, հաղորդել է լիբանանյան The Daily Star պարբերականը՝ հղում անելով թուրքական աղբյուրներին և սիրիական ընդդիմության գրոհայիններին:

«Մեր զինվորականներն այնտեղ են, և եթե նրանց վնաս հասցվի, կամ որևէ կերպ նրանք գրոհի ենթարկվեն, դա կդիտարկվի որպես հարձակում Թուրքիայի վրա, և կհետևեն հատուցման անհրաժեշտ գործողություններ»,- թուրքական աղբյուրներից մեկի հայտարարությունն է մեջբերում պարբերականը:

Սիրիական ընդդիմության աղբյուրներից մեկի հաղորդման համաձայն՝ Թուրքիան Իդլիբ է ուղարկել տասնյակ միավոր զրահատեխնիկա և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որպեսզի թույլ չտա կառավարական զորքերի կողմից դեէսկալացիայի այլ գոտիներ ընդդիմության գրոհայիններից ազատելու սցենարների կրկնությունը:

Թերթը նշում է, որ անցյալ շաբաթ Թեհրանի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի համար ռուսաստանցի և իրանցի գործընկերների հետ այդ բանակցությունները «վերջին շանսն էին՝ խուսափելու տարածաշրջանում լայնածավալ հակամարտությունից», չի կարողացել «հասնել նրան, որ Ասադի երկու գլխավոր  կողմնակիցները կրակը դադարեցնելու խոստում տան»:

Փոխանցում է Interfax-ը: