14.09.2018 12:02

ԱՄՆ-ը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ծրագիրը

ԱՄՆ-ը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ծրագիրը

Դատելով ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերրիի և նրա ռուսաստանցի պաշտոնակից Ալեքսանդր Նովակի ամփոփիչ մամլո ասուլիսից՝ երկու երկրներին չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել ոչ մի վիճելի հարցում: Ամերիկացի պաշտոնյան չի բացառել հակառուսաստանյան պատժամիջոցների ընդլայնումը:

Փակ դռների ետևում Փերրիի և Նովակի բանակցությունները տևել են գրեթե մեկ ժամ: Դրանից հետո Փերրին դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյո՞ք պատժամիջոցներ կսահմանվեն «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության պատճառով, և նոր պատժամիջոցներ նախատեսվո՞ւմ են Ռուսաստանի էներգետիկ սեկտորի դեմ՝ ընդհանրապես: «Այո, սա հստակ պատասխան է»,- ասել է Փերրին: Մամլո ասուլիսում Փերրին հաստատել է, որ ԱՄՆ-ը, նախկինի պես, դեմ է հանդես գալիս «Հյուսիսային հոսք-2»-ին, քանի որ կարծում է, որ այդ նախագիծը չի բխում Եվրոպայի շահերից: Դրա փոխարեն՝ Միացյալ Նահանգները պաշտպանում է Ադրբեջանից Կասպից ծովով խողովակաշարի շինարարությունը, հայտարարել է Փերրին: Խոսքը TANAR տրանսանատոլիական գազատար խողովակաշարի մասին է, որը նախատեսված է Ադրբեջանից Եվրոպա վառելիք տեղափոխելու համար:

«Նկատի առնելով պարոն Փերիի պատասխանը ձեր հարցին՝ ուզում եմ ասել, որ մենք անհանգստացած ենք»,- նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունը մեկնաբանել է Նովակը՝ չմանրամասնելով, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի դրան:

Փոխանցում է BBC-ն: