14.09.2018 14:01

Վրաստանի նախագահական ընտրություններում ֆավորիտն է Սալոմե Զուրաբիշվիլին

Վրաստանի նախագահական ընտրություններում ֆավորիտն է Սալոմե Զուրաբիշվիլին

Վրաստանի իշխող կուսակցությունը հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանում է անկախ թեկնածու, արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը: Հենց նա էլ, ամենայն հավանականությամբ, կլինի հաղթողը և կդառնա Վրաստանի պատմության մեջ առաջին կին նախագահը:

Զուրաբիշվիլիի առաջադրումը բացառիկ է նաև նրանով, որ անկախ Վրաստանի պատմության ընթացքում առաջին անգամ իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստանը», չի առաջադրում սեփական թեկնածուին, այլ պաշտպանում է անկախ թեկնածուի: Կուսակցությունը հայտարարել է, որ դա անում է երկրում բազմակարծությունն ապահովելու նպատակով:

Սակայն թե՛ ընդդիմությունը և թե՛ վերլուծաբաններն այն կարծիքի են, որ Զուրաբիշվիլիի «անկախությունը», որը 2016 թ. խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության աջակցությամբ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել, պայմանական է:

Առաջիկա ընտրությունները Վրաստանի նախագահի վերջին ուղիղ համապետական ընտրություններն են: 2024 թվականից նախագահին արդեն կընտրի 300 հոգուց բաղկացած ընտրական խորհուրդը: Նոր սահմանադրությամբ, որն ուժի մեջ կմտնի նոր ընտրված նախագահի երդմնակալությունից հետո և ենթադրում է վերջնական անցում կառավարման խորհրդարանական մոդելին, նախագահի լիազորությունները կսահմանափակվեն:

Փոխանցում է BBC-ն: