14.09.2018 17:35

Աշոտ Սարգսյան. Ռ. Քոչարյանը փուռը տվեց Սերժ Սարգսյանին՝ փաստորեն հաստատելով, որ 2008 թ. նա չի ընտրվել

Աշոտ Սարգսյան. Ռ. Քոչարյանը փուռը տվեց Սերժ Սարգսյանին՝ փաստորեն հաստատելով, որ 2008 թ. նա չի ընտրվել

 

«Մեդիամաքսին» (13.09.2018) Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցի մտքերը (ինչպես միշտ) մի ամբողջ հոդվածաշարի առիթ են տալիս։

Մենք կանդրադառնանք մեկին, ինչը նորություն է եւ լրագրողների սիրած «սենսացիա» խոսքով կարելի է որակել։

Նրա հետեւյալ խոսքը վերաբերում է 2008 թ. նախագահական ընտրություններին.

 «Ես արդեն ասել եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը կասկած հայտներ, որ Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների բավարար քանակ առաջին փուլում հաղթելու համար եւ ասեր, եկեք երկրորդ փուլ անցկացնենք, դրանով նա տեղ կթողներ բանակցությունների համար: Այդ դեպքում ես հաստատ կմիջամտեի եւ կփորձեի հատման կետեր գտնել: Սակայն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ ինքն է հաղթել, եւ այդպիսի ձեւակերպումը մանեւրելու տեղ չէր թողնում» (13. 09. 2018 09:40) https://mediamax.am/am/news/interviews/30128/

Պատասխանելով լրագրողի ճշգրտող հարցին՝ ավելի հստակեցնում է.

«...ես ասում եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը պատրաստ լիներ փոխզիջումների, տեսականորեն ես կարող էի Սերժ Սարգսյանին խնդրել քննարկել երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը՝ լարվածությունը թուլացնելու համար»:

Ավելի պարզ լեզվով թարգմանած՝ ասում է, թե ինքը պատրաստ էր ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նախապես հայտարարած չլիներ իր հաղթանակի մասին։

Ինչպե՞ս։

Ի՞նչ հիմքով պետք է երկրորդ փուլ անցկացվեր, եթե Սերժ Սարգսյանի հավաքած ձայների 53% ցուցանիշն իրական էր։

Պետք է հանձնարարվեր ԿԸՀ-ին կեղծե՞լ թվերը, այսինքն՝ Ս. Սարգսյանի ձայների քանակը իջեցնել մինչեւ, ասենք՝ առնվազն 49,9%։

Մենք, իհարկե, գիտենք, որ Ս. Սարգսյանը չէր հաղթել եւ բազմիցս ասել ենք դրա մասին։ Հիշեցնենք, որ երբ ստուգված ընդամենը երկու ընտրական տեղամասի արդյունքները գլխիվայր շուռ եկան՝ շատ մեծ հաշվով հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դրանից հետո որեւէ ստուգում պարզապես ապօրինի արգելվեց։

Սերժ Սարգսյանի հաղթած չլինելու փաստի մասին, անշուշտ, գիտեր նաեւ Ռ. Քոչարյանը, հակառակ դեպքում ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա նրա գլխում նման միտք չէր կարող ծագել։ Նորությունն այն է, որ նա հիմա ասում է դրա մասին։ Այո, այն ժամանակ որեւէ բան կեղծելու կարիք չկար երկրորդ փուլի համար. ընդամենը պետք էր թույլ տալ մի քանի տասնյակ տեղամասի ստուգում, եւ Ս. Սարգսյանի ձայները կդադարեին «հաղթական» լինելուց։ Հիմա Քոչարյանը դա է խոստովանում ըստ էության։

 

Այն, որ Սերժ Սարգսյանը չէր ընտրվել, եւ առնվազն պետք է տեղի ունենար ընտրությունների երկրորդ փուլ, բացի համընդհանուր համոզմունքից, մինչեւ հիմա կար միայն մեկ կարեւոր ապացույց։ Դա Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի՝ ԱՄՆ Պետքարտուղարություն ուղարկած զեկուցագիրն էր (գաղտնազերծված եւ հրապարակված «Վիկիլիքսի» կողմից)։ Մեջբերենք այդ հատվածը.

08YEREVAN204 . «Հարաճուն ապացույցները, ներառյալ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցը, հարցականի տակ են դնում կառավարության այն պնդումը, թե վարչապետ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին առաջին փուլով օրինակարգ (լեգիտիմ) կերպով ստացել է ձայների մեծամասնությունը: Նման արդյունքը, բիրտ ուժի հետագա կիրառմամբ եւ Արտակարգ դրության հայտարարմամբ, Սերժ Սարգսյանին կանգնեցրել է լեգիտիմության լուրջ ճգնաժամի առջեւ: Կարծիքները տատանվում են անձամբ վարչապետի հանցավորությունից մինչեւ նախագահ Քոչարյանին մեղադրելու տիրույթում:

 Իրադարձությունները չեն հերքում ընտրության ժամանակ իշխանությունների վարքագծի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի թիմի պնդումները: Առճակատման տանող նրանց ոճն ու հռետորաբանությունը տհաճ լինելով, այլընտրանք գրեթե չեն թողնում: Իշխանությունները համակարգված կերպով փակել են ընտրությունների օրը ազնիվ քվեարկությամբ հաղթելու` ընդդիմության ճանապարհները:

Տեր-Պետրոսյանը մեկուսացված ծայրահեղական չէ: Պաշտոնական տվյալներով, փետրվարի 19-ին նա ստացել է քվեների 21.5 տոկոսը (ավելի քան 350 հազար քվե), եւ իրական թվերն, անկասկած, զգալիորեն ավելի բարձր են: Մեր համոզված գնահատականը մոտավորապես 30-35 տոկոսի սահմաններում է (490 հազարից 570 հազար քվե): Վերջին երկու շաբաթներում նրա հասարակական աջակցությունը միայն աճել է: Շատ հայաստանցիներ մեզ ասում են. «Սա այլեւս Տեր-Պետրոսյանի հարցը չէ, սա գործող իշխանությունների վարքագծի խնդիրն է»:

Հետընտրական իրադարձությունները Տեր-Պետրոսյանին դարձրել են երբեւէ եղած ամենալեգիտիմ ընդդիմադիր քաղաքական դեմքը,  առավել, քան մյուս բոլորը միասին վերցված: Խաղաղ հանրահավաքների դեմ ռեժիմի կողմից ուժի կիրառումը, ընդդիմադիր մամուլի կասեցումը եւ ճնշումների այլ բաղադրիչները ավելացրել են հասարակական զայրույթը, եւ, ըստ կանխադրման, Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ են դարձել շատերը, ովքեր դեռեւս չեն համակրում նրան: Եթե այժմ ընտրություններ կազմակերպվեին, հաստատապես Տեր-Պետրոսյանը կհաղթեր Սարգսյանին»:

Պարզ է, որ Ջ. Փենինգթոնի՝ իշխանական խոհանոցից հայթայթած այս իրողությունները շատ լավ հայտնի էին նաեւ Ռ. Քոչարյանին։ Հայտնի էին, բայց, կրկնենք, նա առաջին անգամ է, փաստորեն, ասում, որ 2008 թվականին Ս. Սարգսյանը չի հաղթել, եւ պետք է տեղի ունենար ընտրությունների երկրորդ փուլ։

Սա 2008-ին Սերժ Սարգսյանի հաղթած չլինելու երկրորդ ապացույցն է։

Ի՞նչն է Քոչարյանի այս խոստովանության թե արձանագրման պատճառը. ծանրագույն հանցանքի մեղադրանքի տակ ցուգցվանգի մեջ լինելով չի՞ հասկանում, թե ինչ է ասում։ Թե՞ շատ լավ էլ հասկանալով ուղղակի դիտավորյալ «փուռն է տալիս» Սերժ Սարգսյանին՝ կա՛մ ինչ-որ բանից դժգոհ, կա՛մ մեղքերն ու հանցանքների համար պատասխանատվությունն իրենից վանելու համար։

Հավանաբար՝ երկրորդը։ Եւ ամենեւին չի բացառվում, որ սրա տրամաբանական զարգացում-շարունակությունը Մարտի 1-ի գործի քննության բարեհաջող շարունակվելու դեպքում լինի այն, որ Քոչարյանն ամեն ինչ փորձի բարդել Ս. Սարգսյանի վրա։ Համենայնդեպս, նա կարող է համարել, թե դրա համար ունի տրամաբանական «ալիբի». «Ես պաշտոնավարումս ավարտել, գնում էի, ինչո՞ւ պետք է ուրիշի համար արյան տակ մտնեի»։

Սպասենք զարգացումներին։

Հ. Գ. Հիշյալ հարցազրույցում մի այլ արձանագրում էլ կա՝ դարձյալ ի վնաս Ս. Սարգսյանի։ Քոչարյանն ասում է, որ ինքն է Ս. Սարգսյանին ընտրել որպես իր «հետնորդ» (կարող էր մեկ ուրիշին ընտրել)։ Սա, առնվազն, վիրավորական, նսեմացնող արձանագրում է։