17.09.2018 12:40

Քրգործ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ

Քրգործ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ

Գլխավոր դատախազությունը փոխանցում է, որ «lragir.am» լրատվական կայքում սույն թվականի մայիսի 15-ին  հրապարակվել է հարցազրույց ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի նախկին տեղակալ Լուսինե Թասլակյանի հետ, որում տեղեկություններ են հրապարակվել գործակալությունում առերևույթ թույլ տրված մի շարք չարաշահումների մասին: Մասնավորապես նշվել է, որ գործակալության պետ Վահան Դավթյանի կարգադրությամբ վերջինիս ենթակա աշխատակիցները ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար գործակալություն դիմած  անձանց ուղղորդել են թույլատրելի սահմանային արտահոսքերի արժեքները հաշվարկելու նպատակով օգտվել ծառայության ավելի բարձր արժեք պահանջող, փաստացի Վահան Դավթյանին պատկանող և  նրա մոր՝ Անուշ Սահադյանի անվամբ հիմնադրված «Տաթ Հոլդինգ» ՍՊ ընկերության ծառայություններից:

Հրապարակման առթիվ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեպ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Լուսինե Թասլակյանն իր տված բացատրությամբ պնդել է հարցազրույցում նշված տեղեկությունները և հայտնել, որ գործակալության պետ Վահան Դավթյանը 2017թ. հուլիսին հիմնել է «Տաթ-Հոլդինգ» ՍՊ ընկերությունը և ջրօգտագործման թույլտվության համար դիմած ֆիզիական և իրավաբանական անձանց ուղղորդել նշված ՍՊ ընկերություն՝ թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկի վճարովի ծառայություն ստանալու համար: Հաշվարկն ավելի մատչելի գներով այլ ընկերության պատվիրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ջրօգտագործման տրամադրման գործընթացն անհարկի ձգձգվել է, նրանց համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվել կամ  ջրօգտագործման թույլտվություն ընդհանրապես չի տրվել: Նշվել է նաև, որ 2017թ. նորաստեղծ «Տաթ-Հոլդինգ» ՍՊԸ-ն 50.000.000 ՀՀ դրամի թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկի վճարովի ծառայություններ է մատուցել «Վիոլա ջուր» ընկերությանն այն դեպքում, երբ այլ կազմակերպություններում նման հաշվարկը հնարավոր է պատվիրել շատ ավելի ցածր արժեքով:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Տաթ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2017թ. հունիսի 26-ին և լուծարվել 2018թ. մայիսի 21-ին, իսկ տնօրենը եղել է Անուշ Սահադյանը:

Նկատի առնելով, որ նյութերի նախապատրաստմամբ ստացված տվյալներն առերևույթ վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության բնականոն գործունեությունը խաթարելու, պետական իշխանության մարմնին հեղինակազրկելու հանցագործության հատկանիշների առկայության մասին՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: