17.09.2018 15:33

Լոնդոն. Պետրովի և Բոշիրովի հարցազրույցը պատիժ էր՝ ձախողած գործողության համար

Լոնդոն. Պետրովի և Բոշիրովի հարցազրույցը պատիժ էր՝ ձախողած գործողության համար

Բրիտանական իշխանությունների կարծիքով՝ Սկրիպալների թունավորման համար կասկածվող Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հեռուստահարցազրույցը պատիժ էր՝ նրանց ձախողած գործողության համար: Այդ մասին հաղորդել է The Daily Tellegraph-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների:

Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ Պետրովին և Բոշիրովին «զոհ են տվել» այն բանի համար, որ նրանք իրենցից հետո լիքը հետքեր են թողել՝ օրը ցերեկով շրջել են Սոլսբերիում, հայտնվել հսկող տեսախցիկների օբյեկտիվներում, երթևեկել հասարակական տրանսպորտով, «Նովիչոկով» սրվակը նետել զբոսայգում և այլն:

Ավելի վաղ ռուսաստանցիների հարցազրույցը պաշտոնապես մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն: Դիվանագետների կարծիքով՝ Պետրովն ու Բոշիրովը ստում էին ու փորձում խճճել:

Սեպտեմբերի սկզբին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալներին թունավորել են Ռուսաստանի ռազմական հետախուզության երկու աշխատակիցներ, և ցույց էր տվել նրանց լուսանկարները: Ավելի ուշ բրիտանական ԶԼՄ-ները հրապարակեցին նաև կադրեր օդանավակայանից, կայարանից, Սո;սբերիի փողոցներից:

Սեպտեմբերի 12-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Մոսկվայում պարզել են՝ ում լուսանկարներն է հրապարակել բրիտանական մամուլը: Նա հույս էր հայտնել, որ նրանք «իրենք կհայտնվեն ու կպատմեն իրենց մասին», ապա հավելել էր, թե «այնտեղ առանձնապես կրիմինալ չկա էլ»:

Սեպտեմբերի 13-ին Պետրովն ու Բոշիրովը հարցազրույց տվեցին Rossia Today հեռուստատեսությանը, որի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարեց, թե նրանք իրենք են կապվել իր հետ, քանի որ որոշել են հանդես գալ հրապարակավ: Բնականաբար՝ նրանք հերքում էին իրենց առնչությունը Սկրիպալների թունավորմանը և պնդում, որ Սոլսբերի են այցելել որպես զբոսաշրջիկ:

Փոխանցում է Interfax-ը: