18.09.2018 11:48

Մոսկվայում ձերբակալվել է նկարչուհի Կատրին Նենաշևան

Մոսկվայում ձերբակալվել է նկարչուհի Կատրին Նենաշևան

Մոսկվայի կենտրոնում ոստիկանությունը ձերբակալել է նկարչուհի Կատրին Նենաշևային, որը «Բեռ-300» ակցիան էր իրականացնում ՝ ընդդեմ խոշտանգումների, BBC-ին հաղորդել է նկարչուհու ընկերներից Միխայիլ Լևինը:

«Նա այդ ակցիան երկրորդ անգամ էր անցկացնում: Ոստիկանության աշխատակիցները մոտեցան ու ձերբակալեցին նրան»,- պատմել է Լևինը:

«Բեռ-300» ակցիան կազմակերպվել էր Նոր Արբատում: Նենաշևան փակվել էր ոչ մեծ վանդակում, որին մի գրություն էր սոսնձված:

«Խոշտանգումներից հետո շատ դժվար է հարմարվել իրականությանը. կտտանքները դառնում են բեռ, որը դու կրում ես քո մեջ, քեզ վրա, քեզ հետ: Քո փորձառությունը, քո մարմինը դառնում են Բեռ-300»,- ասվում է գրության տեքստում:

Ամռանը Կատրին Նենաշևան Facebook-ում մանրամասն պատմել է, թե ինչպես են 2018-ի մայիսին ձերբակալել իրեն ու խոշտանգել ինքնահռչակ ԴԺՀ-ում:

Նախկինում Նենաշևային բազմիցս ձերբակալել են Մոսկվայի կենտրոնում զանազան ակցիաների համար: 2017 թ. հունիսին, օրինակ, նրան ձերբակալել էին Կարմիր հրապարակում՝ վիրտուալ ակնոց կրելու համար: Ոստիկանները պահանջել էին հանել ակնոցը, բայց նա հրաժարվել էր, ու նրան տարել էին բաժին: 2015 թ. հունիսին Նենաշևան կալանքի տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ Կարմիր հրապարակում, բանտային հագուստով, խուզել էր մազերը:

Փոխանցում է BBC-ն: