18.09.2018 13:30

Արսեն Գրիգորյան. Հեղափոխության լավագույն խլացուցիչը

Արսեն Գրիգորյան. Հեղափոխության լավագույն խլացուցիչը
Լուսանկարը՝ Aysor.am կայքից

«Ինչ-որ մի բան է փտել Դանեմարքայում»: Երեւանի ավագանու նախընտրական ելույթների հռետորաբանությունը արդեն ընտրող «փախցնելու» հռետորաբանություն չէ: Այն պարզ մեղադրանքների դաշտ է մտել բոլոր կողմերից:

Ինքնին հասկանալի է, որ Քաղաքացիական պայմանագիրը դեռ Երեւան չի կառավարել, որպեսզի Էդմոն Մարուքյանը նրան մեղադրի փողեր լափելու մեջ եւ Նիկոլ Փաշինյանից պահանջի «ներողություն խնդրել իրենցից եւ ժողովրդից»: Ինչու՞ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Էդմոն Մարուքյանից, Արամ Սարգսյանից, Արտակ Զեյնալյանից «եւ ժողովրդից»: Որովհետեւ ասել է, որ ՔՊ-ն սպիտակ է, մյուսները՝ սեւ: Կարող էր, չէ՞, Էդմոն Մարուքյանն ասել, որ այդպես չէ, «Լուսավոր Հայաստանը» սեւ չէ: Բայց ինքն ուզում է, որ իր կուսակցության, ավագանու իր պաշտպանյալի ռեյտինգն ապահովի անձամբ Փաշինյանը: Ուզում է, որ մի հարվածով Նիկոլը ոչնչացնի հեղափոխությունը եւ ասի՝ Էդմոն Մարուքյանը ճիշտ էր, ես սխալվեցի:

Սա ինչպե՞ս պատկերացնել: Հեղափոխությունն այսպիսի բաներ չի սիրում: Հեղափոխությունն ինքնին դարձել է սեւերի եւ սպիտակների մրցապայքարի դաշտ: Կամ հեղափոխության հետ ես` որպես քաղաքական գործիչ, կամ հեղափոխության հետ չես: Ընդ որում, առավել տարօրինակ է, որ կարող ես հեղափոխության դեմ լինել հենց հեղափոխության մեջ: Ի՞նչ չկատարված պարտավորություններ ունի պարոն Մարուքյանը, որոնք հիմա է կատարում: Տպավորություն չկա, թե պատվերը ուժի մեջ է, որովհետեւ իրական խաղացողը ակնհայտորեն հանգող հրաբուխներով չի խաղա: Իսկ Էդմոն Մարուքյանի տոնայնությունը նույնն է, ինչ հեղափոխության հաղթանակից երկու օր առաջ, երբ երրորդ ճանապարհ էր առաջարկում Նիկոլ Փաշինյանին, մոտավորապես՝ գլուխ-գլխի դնել Սերժ Սարգսյանի հետ եւ զգուշորեն համաձայնել վերջինիս վարչապետությանը: Այդ առաջարկից ի վեր ինչ-որ բան դեռ չի ավարտել Էդմոն Մարուքյանը:

Մտածել, թե նա պարզապես չի հաշտվում այն մտքի հետ, որ Փաշինյանն այսօր միակ անվիճելի հեղինակությունն է քաղաքական դաշտում, լավ չէ: Մտածել, որ Փաշինյանն այնքան ընկած հեղինակություն ունի, որ պարոն Մարուքյանն ուզում է տարանջատվել նրանից, ճիշտ չէ: Մտածել, որ պարոն Մարուքյանը հակահեղափոխականների հետ է խաղում իրականում, սիրուն չէ: Մտածել, որ մարդը Փաշինյանին հեղինակություն կիսելու «բազարի» առաջարկ է անում, այնքան էլ սխալ չէ, բայց դրա ժամանակը չէ: Մտածել, որ պարոն Մարուքյանն ուզում է լինել ապագայի ընդդիմադիրը, նույնիսկ սխալ չէ, ինքն էդքան համբերություն չունի՝ տեսնելով, թե ի՜նչ երկար ճանապարհ ունի անցնելու: Կարելի է մտածել նաեւ, որ Մարուքյանին վերապահված է պարզապես հակահեղափոխական ընդհանուր աղմուկի մեկ «ձայնը» լինել, գուցե` լավագույն խլացուցիչը: Թեպետ այդ իմաստով նա այնքան էլ քննություն չբռնեց ապրիլի 21-ին իր երրորդ ճանապարհին նվիրված հարցազրույցով: Ուրեմն այնպիսի «մի բան է փտել Դանեմարքայում», որ պարոն Մարուքյանը պարզապես մահապարտ է երեւում:

Ըստ ամենայնի` Էդմոն Մարուքյանը մարդկայնորեն չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքը ոչ մի կերպ չհասավ հեղափոխության հետեւից: Եվ որ ինքը Նիկոլի չափ  չկար: Սա իր «վենդետան» է հեղափոխության առաջնորդի հանդեպ: Պարոն Մարուքյանն ընդամենը ուզում է ասել, որ ապրիլի 21-ի իր կասկածներում սխալ չի եղել, եւ սեւերից ու սպիտակներից խոսելով` Փաշինյանը միայն հաստատել է վանաձորցի պատգամավորի իրավացիությունը: Պետք է հասկանալ Էդմոն Մարուքյանին, նա ընդամենն ուզում է իրավացի լինել: Բայց այստեղ էլ բախտը չի բերել, նա ուզում է իրավացի լինել այնտեղ, որտեղ իրենից առաջ արդեն եղել են հարյուրհազարավոր քաղաքացիներ: Եվ նա կարող է միայն համաձայն լինել նրանց հետ: