20.09.2018 12:28

ՄԻԵԴ-ը բավարարել է Մուշեղ Սաղաթելյանի դիմումը

ՄԻԵԴ-ը բավարարել է Մուշեղ Սաղաթելյանի դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը:

Փոխանցում է փաստաբան, ՄԻԵԴ-ում Սաղաթելյանի գործով ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը՝ նշելով. «արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։

Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են»։

Գրիգորյանի խոսքով՝ այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել։

Ըստ Գրիգորյանի, այլեւս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլեւս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Եւ այն՝ այսօր կայացված վճռով փաստացի սկսվում է։