23.09.2018 09:00

Գլխուղեղի վիրահատությունից հետո առաջին անգամ «Օլդ Տրաֆորդ» եկած Ֆերգյուսոնին դիմավորել են բուռն ծափերով

Գլխուղեղի վիրահատությունից հետո առաջին անգամ «Օլդ Տրաֆորդ» եկած Ֆերգյուսոնին դիմավորել են բուռն ծափերով

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, 76-ամյա լեգենդար շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնին ջերմությամբ են ընդունել «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում «Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն» հանդիպման ժամանակ: Մայիսին Ֆերգյուսոնը գլխուղեղի արյունազեղումից հետո վիրահատվել էր եւ դրանից հետո առաջին անգամ էր եկել «Օլդ Տրաֆորդ»:

«Հուզված եմ, քանի որ ապրիլից ներկա չեմ եղել «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումներին: Հրաշալի է վերադառնալ ստադիոն այսքան բուժումներից եւ վերականգնողական փուլից հետո: Երկար ուղի էր, բայց որդուս եւ բժիշկների ցուցումներին հետեւելով՝ շարժվում եմ առաջ»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է skysports-ը:

«Ֆանտաստիկ նորություն է բոլորիս համար Ֆերգյուսոնի վերադարձը»,- ասել է մանչեսթերյան թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Ֆերգյուսոնը վիրահատվել էր մայիսի 5-ին եւ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Մայիսի 7-ին նա դուրս էր եկել կոմայից եւ զրուցել իր հարազատների հետ:

Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 27 տարի (1986-2013-ը)՝ նվաճելով 38 տիտղոս: Նա 13 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն եւ 2 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում: 1999 թվականին շոտլանդացի մասնագետը ստացել է ասպետական կոչում: