05.10.2018 13:07

Արսեն Գրիգորյան. Պետք է մի կողմ դնել «սերը եւ համերաշխությունը»

Արսեն Գրիգորյան. Պետք է մի կողմ դնել «սերը եւ համերաշխությունը»

Հեղափոխության օրակարգից կարծես թե դուրս է փախչում «սերը եւ համերաշխությունը»: Ի սկզբանե էլ սա վերաբերում էր նրանց, ովքեր հեղափոխության հետ չեն, քանի որ այսպես թե այնպես սեր եւ համերաշխություն էր հեղափոխության կողմնակիցների միջեւ: Դա մի բան էր, որից անմասն չէին ուզում մնալ նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Թեպետ վարչապետի ընտրությունից մի քանի օր հետո սկսեցին կամաց-կամաց տարանջատվել հեղափոխությունից:

Ինքնին «սերը եւ համերաշխությունը» արժեք չեն այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, որովհետեւ հակահեղափոխությունն ինքնին հակասեր եւ հակահամերաշխություն է, որովհետեւ արդեն իսկ սկսում ենք մոռանալ, թե «ինչի համար ենք հավաքվել»:

Մինչեւ վերջերս սիրո եւ համերաշխության խաղեր էին տալիս ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հիմա արդեն կարծես թե որոշել են այլեւս խաղեր չտալ հեղափոխության կողմնակիցները: Վա՞տ է, որ կողմնակիցներն ու հակառակորդները որոշել են բաց խաղալ, միմյանց չհանդուրժել՝ աչքերի մեջ նայելով: Ըստ իս՝ վատ չէ: Այսպես գոնե գիտես ումից ինչ սպասել կամ չսպասել: Բայց խնդիր կա: Հիմա պետք է մի կողմ դնել «սերը եւ համերաշխությունը», պետք է մոռանալ այն, որովհետեւ ոչ ոք այլեւս տրամադրված չէ համերաշխ լինել ՀՀԿ-ի հետ: Սիրել, դե… կներեք: Արդեն ատելության խիստ ընդգծված չափաբաժիններ են հասնում ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին: Սա հասկանալի է: Հեղափոխությունը մի օր խոսում է ամբողջ կոկորդով, եւ նրա ձայնի մեջ արդեն ընդգծված են դառնում վերջնագրերն ու տագնապները: Որովհետեւ ինքը՝ հեղափոխությունը, իրենից առավելագույնը պոկելու մյուսների մղումն է, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դա փորձեցին: Եվ տապալվեցին: Դա իր հետ բերեց նրանց հանդեպ ատելության իսկական ալիք: Ինչն անխուսափելի էր: Նրանք, ինչպես ասում են, հիմա կիմանան իրենց տեղը հեղափոխության մեջ:

Սակայն հանկարծ ինչ-որ տեղից լսվում է մեկի վեհերոտ ձայնը՝ մի մոռացեք, որ սա «սիրո եւ համերաշխության» հեղափոխություն էր: Այդպես լինում է միայն առաջին փուլում, երբ առաջինների՝ վերջինը դառնալու «երթուղին» կարող էր իրացվել արյունոտ ճանապարհով: Դա կանխվեց: Ու հենց այդտեղ էլ ավարտվեց «սերը եւ համերաշխությունը»:

Նկատենք, որ ինքը՝ Փաշինյանը, առաջացող ատելության խմբավարությունից դուրս է, իր խոսքերում կրակի վրա յուղ լցնել չկա: Այսինքն, նույնիսկ հիմա ինքը խաղում է հեղափոխության առաջին օրերի սահմանած էթիկական խաղի կանոններով: Սակայն հեղափոխության զարգացող ալիքը պարզապես չի ծփում հակահեղափոխության ափերին, ամեն նոր ալիք իր մեջ կուտակում է «իններորդ ալիք» դառնալու բնական իներցիան, որը թելադրվում է ժողովրդի սպասումներով, եւ որոնց դեմ կանգնած է ՀՀԿ-ն իր արբանյակներով ու Ռոբերտ Քոչարյանով: Այդ իմաստով, մի կողմից՝ «սերը եւ համերաշխությունը» դեռ բեմի վրա են, քանի որ մյուս ուժերն այնքան փոքրամասնություն են, որ կարող են կուլ գնալ այդ միջավայրին, եւ նրանց ատելն էլ քամի է մի բաժակ ջրում, մյուս կողմից՝ «սերը եւ համերաշխությունը» այլեւս քննություն չեն բռնում, քանի որ հեղափոխությունն արդեն չի կարող չդիրքավորվել ընդդեմ նրանց, ովքեր արդեն ցույց են տվել, որ կարող են մթնոլորտ պղտորել եւ դա անել նույնքան եռանդով, որքան հեղափոխականի հավատն է իր արածի հանդեպ: