10.10.2018 11:00

«Ռեալի» լեհ նախկին դարպասապահ Եժի Դուդեկը՝ ակումբում անցկացրած ամենացավալի օրերից մեկի մասին

«Ռեալի» լեհ նախկին դարպասապահ Եժի Դուդեկը՝ ակումբում անցկացրած ամենացավալի օրերից մեկի մասին

Լեհ նախկին դարպասապահ Եժի Դուդեկը, ով 2001-2007թթ․  «Լիվերպուլի» ֆուտբոլիստ էր, իսկ 2007-2011թթ․ պաշտպանել է Մադրիդի «Ռեալի» մարզական պատիվը, խոսել է «Արքայական» ակումբում անցկացրած ամենացավալի օրերից մեկի մասին։

Մադրիդյան թիմը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին` 2010/11թթ․ մրցաշրջանում «Կամպ Նոու» ստադիոնում «Բարսելոնային» պարտվել էր 0-5 հաշվով։ Դուդեկը, ով այդ մրցավեճում եղել է պահեստայինների թվում, պատմել է, թե ինչ է ասել պորտուգալացի մասնագետը «Ռեալի» հանդերձարանում ձախողված հանդիպումից հետո։

«0-5․․․ դա կոտորած էր։ Խաղից հետո հանդերձարանում իսկական քաոս էր։ Մեզանից ոմանք լաց էին լինում, ոմանք բանավիճում էին, որոշներն էլ հայացքները պարզապես հառել էին հատակին։

Մոուրինյոն եկավ։ Նա գիտակցում էր՝ ինչ է կատարվել, բայց նայեց մեզ և ասաց․ «Գիտեմ՝ սա ցավեցնում է ձեզ։ Սա ձեզանից շատերի համար ամբողջ կարիերայի ամենացավալի պարտությունն էր։ Նրանք այժմ ուրախ են և կարծում են՝ հաղթել են առաջնությունը, բայց սա ընդամենը մեկ հաղթանակ է։ Սա դեռ սկիզբն է։ Դեռ երկար ճանապարհ կա գավաթին հասնելու համար։

Վաղը ձեզ ազատ օր կտրամադրեմ, բայց մի՛ մնացեք տներում։ Ձեր ընտանիքների, երեխաների կամ ընկերների հետ քաղաքում դուրս եկեք զբոսանքի։ Թող մարդիկ տեսնեն, որ դուք պատրաստ եք հաղթահարել սա։ Մարդիկ միգուցե խոսում են այս պարտության նշանակության մասին, բայց մի՛ թաքնվեք դրա հետևում։ Պետք է ցույց տաք, որ տղամարդ եք։ Այս պարտությունից հետո մենք պետք է պայքարենք տիտղոսի համար»։

Մենք այս պարտությունից ուշքի եկանք ավելի արագ, քան որևէ մեկը սպասում էր։ Ես այդ օրն առաջին անգամ հասկացա, թե սպորտում որքան կարևոր է հոգեբանությունը։ Դու ինչքան կարող ես ձեռք բերել կամ կորցնել։ Նաև արձանագրեցի, որ Մոուրինյոն իսկական հոգեբան է»,- Դուդեկի խոսքերը մեջբերում է Metro.co.uk-ը։

Հավելենք, որ այդ մրցաշրջանում, այնուամենայնիվ, Իսպանիայի չեմպիոնի կոչումը, ինչպես և Չեմպիոնների լիգայի գավաթը, նվաճել է կատալոնական թիմը։