10.10.2018 14:02

Ալիևը չի ցանկանում բանակցել ԼՂ իշխանությունների հետ

Ալիևը չի ցանկանում բանակցել ԼՂ իշխանությունների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի հայտարարել է, թե անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բանակցելու առաջարկը, փոխանցում է ТАСС-ը: «Հայաստանի նոր իշխանություններն առաջարկում են բանակցություններ վարել ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ վարչակարգի հետ: Դա ընդհանրապես անընդունելի է, և նրանք, ովքեր հանդես են գալիս նման առաջարկով, նախապես գիտեն, որ այն չի ընդունվելու»,- ասել է Ալիևը: Նա նշել է, թե Հայաստանի նոր ղեկավարությունը հանդես է գալիս «իրար հակասող հայտարարություններով»:

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ Հայաստանի նոր կառավարությանը որոշակի ժամանակ է անհրաժեշտ՝ միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող պրակտիկան ճիշտ վերլուծելու համար: Սակայն այդ հայտարարությունները հերթական հարվածն են խաղաղության գործընթացին, և դրա պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ղեկավարության վրա,- ասել է Ալիևը և հավելել, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում:- Բայց մենք մեր հողերն էլ ենք ուզում: Քանի դեռ մեր հողերը վերադարձված չեն, խաղաղություն չի լինի, և Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դա լավ հասկանա»:

Ալիևի խոսքով՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին Հայաստանի զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրս բերումն է Լեռնային Ղարաբաղի բնիկ ադրբեջանական տարածքներից: Այդ ժամանակ խաղաղություն կտիրի: Այդ ժամանակ հուսալի կապեր կհաստատվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև, և աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում կարող է լիովին փոխվել»:

Ըստ Ալիևի՝ Բաքուն «առայժմ այնպիսի տպավորություն ունի, թե Հայաստանի իշխանություններն ուզում են շարունակել ադրբեջանական տարածքների օկուպացիան: Հակամարտությունը պետք է կարգավորվի հնարավորինս արագ և փուլ առ փուլ: Մենք և միջազգային հանրությունը դա ենք պահանջում: Բայց եթե հայկական իշխանությունները շարունակեն օկուպացիայի քաղաքականությունը, ապա մենք էլ կշարունակենք Հայաստանի մեկուսացումը, Հայաստանը կհասցնենք լիակատար փլուզման»:

Ալիևը նաև ակնարկել է խնդրի ռազմական լուծման հնարավորությունը: «Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ոլորտում հսկայական անդունդ է: Հունիսին անցկացված ռազմական շքերթը ցույց տվեց, թե ով ինչի է ընդունակ: Մենք օգտվում ենք և այսուհետև էլ օգտվելու ենք այդ հնարավորություններից»,- ասել է Ալիևը:

Փոխանցում է newsru.com-ը: