11.10.2018 11:22

Բրիտանիան բացատրություն է պահանջում ադրբեջանցի բանկիրի կնոջից

Բրիտանիան բացատրություն է պահանջում ադրբեջանցի բանկիրի կնոջից

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունն առաջին անգամ օտար պետության քաղաքացուց պահանջել է բացահայտել իր ունեցվածքի աղբյուրը: Պահանջը ներկայացվել է դեռ այս տարվա սկզբին, սակայն պատասխանողի անձը բացահայտվել է միայն հիմա:

Խոսքը Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավարի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի մասին է, որը, ըստ դատական փաստաթղթերի՝ զեխ կյանք է վարել՝ միայն Harrods հանրախանութում ծախսելով առնվազն 16 մլն ֆունտ, ինչպես նաև անշարժ գույք է ձեռք բերել ավելի քան 20 մլն ֆունտով:

Նախկինում բրիտանական իշխանությունները իրավունք ունեին հարցումներ անել անհայտ ծագումով սեփականատերերին իրենց ունեցվածքի՝ առնվազն 50 հազար ֆունտ ակտիվների վերաբերյալ: Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, հանցավոր գործունեության մեջ կասկածվողներին, ինչպես նաև այն երկրների ազդեցիկ քաղաքական գործիչներին, որոնք չեն մտնում Եվրոպական տնտեսական գոտու մեջ:

Եթե Հաջիևան չկարողանա բացատրել անշարժ գույք և հողամաս ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարի ծագումը, դրանք կարող են բռնագրավվել:

Հաջիևան Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կինն է, որը 2016 թ. Բաքվի դատարանի կողմից հեռակա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ մսխման և խարդախության մեղադրանքներով:

Փոխանցում է BBC-ն: