06.09.2012 23:18

Ինչո՞ւ է Հայաստանում թանկացել դեղորայքը

Ինչո՞ւ է Հայաստանում թանկացել դեղորայքը

Ilur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մեկ շաբաթ է, ինչ երևանյան դեղատներում արձանագրվել է դեղորայքի գների կտրուկ աճ: iLur.am-ը հարցում է կատարել քաղաքի մի շարք խոշոր դեղատներում, որտեղից հաստատել են դեղորայքի գների թանկացման փաստը: Դեղատների աշխատակիցների խոսքով՝ թանկացումը պայմանավորված է ներմուծող ընկերությունների կողմից դեղորայքի գների բարձրացմամբ եւ թանկածումը գործում է համատարած բոլոր դեղերի պարագայում: Միեւնույն ժամանակ, վերջիններս հրաժարվել են նշել, թե կոնկրետ որքանով են թանկացել դեղերը, սակայն դեղատան հաճախորդներից մեկը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իր գնած դեղորայքը թանկացել է մոտ 30 տոկոսով:

Դեղորայքի թանկացման պատճառները պարզելու համար iLur.am–ը փորձել է կապ հաստատել նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող դեղորայք ներմուծող «Նատալի-Ֆարմ» ընկերության և «Ալֆա-Ֆարմ» ընկերությունների հետ, սակայն այնտեղ հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ այդ կապակցությամբ:
«Էսկուլապ» դեղորայք ներմուծող ընկերության ներկայացուցիչն էլ ոչ հերքել, ոչ էլ հաստատել է դեղերի թանկացման փաստը, ասելով, թե հստակ դիտարկում չկա: Նրա խոսքով, "գները կարող են թանկանալ դեղորայք արտադրող ընկերությունների կողմից կամ էլ գնագոյացման հետևանքով":