07.09.2012 14:07

Վարդան Մինասյան. «Խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթանակի նպատակով»

Վարդան Մինասյան. «Խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթանակի նպատակով»

Սեպտեմբերի 6-ին երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է նախախաղային մարզում «Տա Կալի» մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:
ilur.am-ի փոխանցմամբ՝ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ Մալթայի ընտրանին շատ կազմակերպված թիմ է՝ համեմատելով անցյալում մեր թիմերի միջև տեղի ունեցած հանդիպումները: Վարդան Մինասյանի կարծիքով Մալթայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Պիետորո Գեդինին հաջողվել է ամուր և մարտունակ թիմ ստեղծել:
Անդրադառնալով կենտրոնական պաշտպանի դիրքին, Վարդան Մինասյանն ընդգծել է, որ այդ խաղային դիրքում մրցակցությունը թիմում աճել է: Այսօր հավաքականի կազմում ընդգրկված է չորս կենտրոնական պաշտպան, որոնց թվում են նորեկ Ալեքսը և Ռոբերտ Արզումանյանը, ով վերջապես պայմանագիր է կնքել ակումբային թիմի հետ: Մալթայի հետ խաղի համար մեր հավաքականի մարզչական շտաբը պետք է ընտրի երկու կենտրոնական պաշտպաններից կազմված օպտիմալ զույգը:
Վարդան Մինասյանն ևս մեկ անգամ նշել է որ ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ հավաքականը բոլոր խաղերում հաղթանակ տանելու նպատակով է դուրս գալու խաղադաշտ: Իսկ յուրաքանչյուր խաղի համար կընտրվի այն մարտավարությունը, որը թույլ կտա Հայաստանի ազգային հավաքականին հաղթանակ տոնել, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի՝ Մալթա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Վալետայում` Երեւանի ժամանակով 22:00-ին: Հանդիպումը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ: