07.09.2012 17:59

Դիվանագիտական կոռեկտությունը վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը. Սերժ Սարգսյան

Դիվանագիտական կոռեկտությունը վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը. Սերժ Սարգսյան

Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանները տարածաշրջանային այցով գտնվում են Երեւանում, որտեղ նրանք քիչ առաջ հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: 

Ստորեւ iLur.am-ը ներկայացնում է Սերժ Սարգսյանի խոսքը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ

Հարգարժա՛ն դեսպաններ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ուրախ եմ ձեզ ողջունելու Նախագահի նստավայրում: Բարով եք եկել Հայաստան:
ԵԱՀԿ-ն շատ կարեւոր կազմակերպություն է Հայաստանի համար եւ ոչ միայն այն պատճառով, որ այդ կազմակերպության շրջանակներում են ստեղծվել մի քանի ինստիտուտներ՝ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի ինստիտուտը, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, այլ այն պատճառով, որ ԵԱՀԿ-ի սկզբունքները եւ անվտանգության համապարփակ ընկալումն ամբողջովին համահունչ են մեր պատկերացումներին: Շատ կարեւոր է, որ մենք կառույցի շրջանակներում համաձայնվել ենք, որ որեւէ երկրի անվտանգություն չի կարող ապահովվել այլ երկրի անվտանգության հաշվին: Մենք բարեխղճորեն կատարում ենք մեր բոլոր հանձնառությունները: Բայց վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որ ստիպում է մեզ լրջորեն մտածել մեր որոշ մոտեցումների փոփոխության մասին: Ինչպես գիտեք, Ադրբեջանում անհապաղ արդարացվեց վայրենի հանցագործություն կատարած մի անձնավորություն, եւ այս իրադարձությունը, իհարկե, ցավոք սրտի, մեր կարծիքով, վերջինը չէ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2007թ. Մինսկի խումբն առաջարկեց ԼՂ խնդրի կարգավորման իր տարբերակը: Շատերը հիշում են, թե ինչպես էր Ադրբեջանը հրաժարվում այդ փաստաթղթից, այնուհետեւ՝ դեկլարատիվ հայտարարություն արեց, որ այդ փաստաթուղթն ընդհանուր առմամբ իր համար ընդունելի է, այնուհետեւ սկսեց սեփական մեկնաբանությունները տալ սկզբունքներին: Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել ինքնորոշման իրավունքը: Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել «ռեֆերենդում» հասկացողությունը: Եվ սկսվեց մի ներկայացում, որի ողջ իմաստը կայանում էր հետեւյալում՝ ձգել ժամանակ, կուտակել սպառազինությունների մեծ պաշար եւ հարմար պարագաներում ռազմական ճանապարհով փորձել լուծել ԼՂ խնդիրը:
Մեր կարծիքով, մարդասպանին արդարացնելու նպատակը կայանում է ոչ թե նրանում, որ Ալիեւին անհրաժեշտ է հեղինակություն բարձրացնել իր երկրի ներսում, այլ սա մի փորձ է փորձարկելու միջազգային հանրության արձագանքները Ադրբեջանի արտառոց քայլերին: Հակառակ պարագայում, ես կարծում եմ, որ Ադրբեջանում, այդ թվում՝ նաեւ ղեկավար կազմում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող էին շատ պարզ տեսնել, թե ինչ հետեւանքների կարող է բերել այսպիսի քայլը: Եվ միջազգային հանրության համբերության այդ փորձարկումը, ինչպես ասացի, վաղուց է սկսվել՝ երբ ադրբեջանցիները տարիներ առաջ սկսեցին կոպտորեն խախտել սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որեւէ մեկը չարձագանքեց այս կոպիտ խախտումներին: Երբ Ադրբեջանի նախագահը հրապարակավ ցուցում տվեց Գիտությունների ազգային ակադեմիային՝ շարադրել Ադրբեջանի մի պատմություն, որտեղ հայերը բնավ չպետք է լինեին, որեւէ մեկը ուշադրություն չդարձրեց այս հանգամանքին: Երբ Ալիեւը սկսեց հայտարարել, որ Երեւանը եւ ընդհանրապես Հայաստանը ադրբեջանական տարածքներ են, որեւէ մեկը չարձագանքեց այս հայտարարությանը: Եվ երբ Ալիեւը հայտարարեց, որ իրենց թիվ մեկ թշնամին հայությունն է, եւ թշնամուն պետք է ոչնչացնել, որեւէ մեկը չարձագանքեց: Մեր բոլոր զգուշացումներին, մեր բոլոր խնդրանքներին եւ՛ համանախագահներին, եւ՛ մնացածներին, որ սա վատ գործընթացի սկիզբ է, ստանում էինք անընդունելի պատասխաններ: Իսկ պատասխանը հետեւյալն է՝ որ Ալիեւի այդ հայտարարությունները նախատեսված են ներքին սպառման համար: Հայտարարությունների այդպիսի խզվածություն ներքին եւ արտաքին սպառման համար ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ: Չի կարող մարդը մինչեւ օրվա կեսը մտածել մի կերպ, երկրորդ կեսին՝ մեկ այլ կերպ: Չի կարող մարդը երկուշաբթի մտածել մի կերպ, չորեքշաբթի՝ մեկ այլ կերպ: Եվ տեսնելով այս հանդուրժողականությունը՝ Ալիեւը արդեն հայտարարություններից անցավ գործողությունների: Եվ առաջին գործողությունը կայացավ նրանում, որ ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարի տարածաշրջան այցելության ժամանակ ոչ միայն արդեն շփման գծում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպեցին մի քանի դիվերսիոն գործողություններ: Եվ էլի արձագանքը թույլ էր: Հիմա մենք վկան ենք այս արտառոց փաստի: Եվ ինչպես ասացի, ցավոք, սա վերջը չէ:
Գիտեք, ես պատերազմ տեսած մարդ եմ, դրա համար չեմ ցանկանում նոր պատերազմ: Ես անձամբ եմ իմ մաշկի վրա զգացել պատերազմի հետեւանքները, պատերազմի ազդեցությունը: Ես վստահ եմ, որ պատերազմ չի ցանկանում նաեւ մեր տարածաշրջանի անվտանգությամբ մտահոգ որեւէ երկիր: Բայց ցանկությունը քիչ է, անհրաժեշտ են գործողություններ: Եվ այդ գործողությունները պետք է սկսվեն իրերն իրենց անունով կոչելով: Այսպես ասած դիվանագիտական կոռեկտությունը ներկա պարագայում ուղղակի վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը:
Վերջերս Հայաստանում մի սարկազմ ունեցավ մեծ շրջանառություն: Եվ նրա իմաստը կայանում է հետեւյալում, որ միջազգային x կազմակերպությունը այս իրադարձություններից հետո կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին` իրար չկացնահարել քնած ժամանակ: Սա տրամադրությունը բարձրացնելու կատակ չէ, սա մեր ժողովրդի վերաբերմունքն է միջազգային այն կառույցներին, որոնք փորձում են հավասարության նշան դնել զոհի եւ հանցագործի միջեւ, մեղավորի եւ անմեղի միջեւ: Սա շատ վատ հանգամանք է: Իմ խնդրանքն է ձեզ, իմ կոչն է ձեզ, որպեսզի ձեր կառավարությունները եւ մեր կազմակերպությունը առարկայորեն զբաղվեն այդ խնդրով: