‘
Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում աղետի ենթարկված բեռնատար ինքնաթիռի օդաչուները Հայաստանի քաղաքացիներ են, որոնք պայմանագրային հիմունքներով աշխատում էին այնտեղ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղավիացիայի աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը:
«Ոչ թե միայն օդաչուներն են հայեր, ընդհանրապես՝ անձնակազմի անդամները»,- ասաց նա՝ հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկատվություն կլինի ավելի ուշ:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ iLur.am-ին ասաց, որ դեռ պաշտոնական տեղեկություն չունեն, ու չի կարող ասել՝ երբ կունենան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ի գիշերը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում բեռնատար ինքնաթիռի աղետ է տեղի ունեցել, հայտնում է France-Presse-ը:
Զոհվել է ինքնաթիռի ողջ անձնակազմը, ուղեխցում գտնվող 3-4 անձինք, ինչպես նաև տեղացի 30 բնակիչներ: Եվս 20 մարդ տարբեր կարգի վնասվածքներով հոսպիտալացվել է:
___________
14:01
Հայտնի է դարձել, որ Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում աղետի ենթարկված բեռնատար ինքնաթիռի հայ օդաչուները եղել են հինգ հոգի: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը:
Վերջինս հերքեց ռուսական ԶԼՄ-ների կողմից տարածած այն տեղեկությունը, որ աղետի ենթարկված օդաչուները ազգությամբ ուկրաինացի են եղել, իսկ, օդանավն էլ պատկանել է հայկական ավիաընկերության:
Նելլի Չերչինյանը մանրամասնեց նաև, որ օդանավը պատկանել է Կոնգոյի «Էյր-սերվիզ» ավիաընկերությանը:
‘