‘
Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ անցած գիշեր տեղացած առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերն սկսվել և ներկայում էլ շարունակվում են գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաև մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։
«Ձնամաքրման աշխատանքներին գիշերային ժամերին մասնակցել է 149 միավոր մասնագիտացված տեխնիկա: Առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ արդեն օգտագործվել էր ավելի քան 242 տոննա աղ և ավելի քան 597 խմ ավազ», — հայտնում են քաղաքապետարանից:
Մեր հույժ հավաստի աղբյուրներն իրենց հերթին հայտնում են, որ հարյուր հազարավոր երեւանցիներ այսօր առավոտյան ուշացել են աշխատանքից` տեղացած ձյան հետեւանքով անանցանելի դարձած ճանապարհների պատճառով: iLur.am-ը ներկայացրել է, որ Երեւանի ամենակենտրոնական փողոցները սկսել են մաքրել միայն կեսօրին մոտ:
Քանի որ վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկման առարկա է դարձել զվարճալի մաթեմատիկական խնդիրների ժողովածուն, մենք էլ մեր կողմից յուրատեսակ խնդիր առաջարկենք:
Այսպիսով, համադրելով վերը նշված թվերը, պատասխանենք հարցին` որքա՞ն աղ եւ ավազ մեկ գիշերվա ընթացքում կարող է ուտել միջին վիճակագրական քաղաքապետը, եթե հաշվի առնենք, որ այդ գիշերվան նախորդող օրը նա սկսել է զբաղվել շախմատով: Որպես հուշում նշենք, որ մեկ գիշերվա ընթացքում կերված աղի ու ավազի քանակը ուղիղ համեմատական է նույն գիշերվա ընթացքում խմված դիզելային վառելիքի քանակին:
‘