ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ տեղի հայ բնակչությանը հումանիտար օգնության, նրանց իրավունքների և անվտանգության ապահովման հարցերը։
Ինչպես հաղորդել է ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչությունը, կողմերը նաև քննարկել են «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ 2020-2022 թթ․ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման ուղիները»։
Բացի այդ, անդրադարձ է եղել «երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք սյուժեների», հավելել են նախարարությունում։
Ըստ «Интерфакс-Азербайджан»-ի՝ Բայրամովը Լավրովին հավաստիացրել է, որ Բաքուն շահագրգռված է Երևանի հետ խաղաղության գործընթացն առաջ մղելու հարցում։
«Բայրամովը հաստատել է երկրի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի հետ երկխոսելու Բաքվի հանձնառությունը։ Բացի այդ, նա նշել է, որ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները շարունակելու են միջոցառումների համալիրը՝ երկրի հայ բնակչության կարիքները բավարարելու համար»,- շեշտել են Բաքվում։