‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է իր նոր վարչակազմում երկու առանցքային պաշտոնների հավակնորդների անունները. պաշտպանության նախարարի պաշտոնում երկրի ղեկավարն առաջարկել է նախկին սենատոր, հանրապետական Չակ Հեյգելի, իսկ ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում՝ ահաբեկչության դեմ պայքարի գծով նախագահի ներկայիս խորհրդական Ջոն Բրեննանի թեկնածությունները: Օբաման նշել է, որ Հեյգելի թեկնածությունը հաստատելու դեպքում նա կդառնա ԱՄՆ պաշտպանության այն բացառիկ նախարարներից մեկը, որը ռազմական վերքեր ունի, և կլինի Վիետնամում կռված առաջին վետերան-նախարարը, հաղորդում է РИА \”Новости\”-ն: Այնուհանդերձ, դիտորդների կարծիքով՝ սենատի կողմից նրա թեկնածության հաստատումը հազիվ թե հարթ անցնի: Օրենսդիրները չեն մոռացել Հեյգելի ոչ միանշանակ հայտարարությունները և մտադիր են բավական մանրակրկիտ «հարցաքննել» նրան լսումների ընթացքում, մանավանդ՝ բացատրություններ պահանջել Մերձավոր Արևելքի հարցում նրա դիրքորոշման վերաբերյալ: Բանն այն է, որ նախկինում մեծ աղմուկ էին բարձրացրել նրա հայտարարություններն այն մասին, թե ամերիկյան կոնգրեսը գտնվում է «հրեական լոբբիի» ազդեցության տակ, ինչպես նաև՝ թե անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀԱՄԱՍ-ի և Իրանի հետ: Հեյգելից դժգոհ են նաև միասեռականները, որոնք արդեն բազմիցս նրան հիշեցրել են 1998 թ. Լյուքսեմբուրգում դեսպանի պաշտոնի հավակնորդի սեռական կողմնորոշման մասին նրա արտահայտությունները:
Ջոն Բրեննանը 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ղեկավարել է ահաբեկչության դեմ պայքարի Ազգային կենտրոնը և եղել է «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենին ոչնչացնելու գործողության առանցքային կազմակերպիչներից մեկը, սակայն նրա նշանակումը ևս հարթ չի անցնի: Լսումների ընթացքում կարող են տհաճ հարցեր հնչել գաղտնի բանտերի և Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության օրոք կալանավորների խոշտանգումների վերաբերյալ, երբ Բրեննանը տարբեր պաշտոններ էր զբաղեցնում ԿՀՎ-ում:
‘