‘«Страна.ua»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ հետախուզում կհայտարարվի’

1889

Ուկրաինական «Страна.ua» ինտերնետային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվայի նկատմամբ միջպետական, ապա նաև՝ միջազգային հետախուզում կհայտարարվի, եթե նա փետրվարի 12-ին Կիևում չներկայանա դատարան, հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:

Լրատվամիջոցն ավելի վաղ Ուկրաինայի նախագահին ուղղված դիմումում տեղեկացրել է, որ իր գլխավոր խմբագիրը մեկնել է Ավստրիա և այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել՝ «իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվելու պատճառով»: Գուժվան ինքը հայտարարել է, որ Ուկրաինայում ֆիզիկական հաշվեհարդարի և սպանության սպառնալիքներ է ստացել: Ավստրիայի իշխանությունները նրան փաստաթուղթ են տվել երկրում գտնվելու վերաբերյալ: Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել հետաքննել սպառնալիքները Գուժվայի հասցեին:

Կիևի շրջանային դատարանում փետրվարի 12-ին կայանալու է Գուժվայի դեմ հերթական նիստը՝ հարկերից խուսափելու գործով: Այդ գործի շրջանակներում գլխավոր խմբագրի համար ընտրվել է խափանման միջոց՝ մեկ միլիոն գրիվենի (մոտավորապես՝ 34 հազար դոլար) գրավի տեսքով, ինչը լրագրողն արդեն վճարել է: Բացի այդ, Ուկրաինայում ևս մի քրեական գործ է հարուցվել Գուժվայի դեմ. նրան կասկածում են շորթման մեջ՝ քաղաքական մի գործչի վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու դիմաց: Այդ գործի շրջանակներում դատարանը նրա համար խափանման միջոց է սահմանել կալանքի կամ 544 հազար գրիվեն (մոտավորապես 21 հազար դոլար) գրավ մուծելու տեսքով: 2017 թ. հունիսին գլխավոր խմբագիրը կատարել է մուծումը և ազատ է արձակվել:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի նախագահը կստորագրի Հոլոքոստի մասին օրենքը’
Հաջորդ հոդվածը‘Իրանի գլխավոր շտաբի ղեկավարը կասկածում է ԱՄՆ-ին’