‘Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը սադրիչ բնույթ է կրում ‘

1006

Խոցված ղարաբաղյան ՄԻ-24 ուղղաթիռի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարությունը սադրանք է, այն անիմաստ է ու անտրամաբանական: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովը` նոյեմբերի 20-ի լիակազմ նիստում Ադրբեջանի 2015 թվականի բյուջեի փաթեթի քննարկման ժամանակ:
«Մեր առջև կանգնած է մեկ խնդիր` Լեռնային Ղարաբաղի խնդիրը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սադրիչ բնույթի հայտարարություն են արել, թե իբր ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում: Մենք դա համարում ենք անիմաստ հայտարարություն: Այն վայրը, ուր ընկել է ուղղաթիռը, Ադրբեջանի տարածքն է: Բոլոր երեք երկրները, որոնք ներկայացնում են համանախագահները, ճանաչել են մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այդ իմաստով` Մինսկի խմբի համանախագահների նման հայտարարությունը սադրիչ բնույթ է կրում, այն անիմաստ է և անտրամաբանական», — հայտարարել է փոխխոսնակը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ, որում խորը մտահոգություն են հայտնել ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցքի բացակայության առնչությամբ: Ինչպես ասվում է Մինսկի խմբի միջնորդների հայտարարությունում, ուղղաթիռի բեկորներն ընկած են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի չեզոք գոտու ականապատ տարածքում: Միջնորդները կողմերին կոչ են արել դադարեցնել կրակն աղետի վայրի գոտում և նպաստել տարածքի ականազերծմանը: Նրանք կողմերին հիշեցրել են հրադադարի ռեժիմը և հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով Սոչիի, Նյուպորտի և Փարիզի հանդիպումներում ստանձնած պարտավորությունները հարգելու անհրաժեշտության մասին:
Նշենք, որ հայկական կողմը դեռ չի կարող պարզել խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը` ադրբեջանական կողմից միջադեպի վայրի անդադար գնդակոծության պատճառով: Ադրբեջանական կողմն այդպես էլ անվտանգության երաշխիքներ չի տրամադրելլ Կասպրչիկի գլխավորած ԵԱՀԿ դիտարկման խմբին` հայկական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար: Նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով:

Նախորդ հոդվածը‘Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է զոհվել. Ադրբեջանի ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Համացանցում է հայտնվել մանկական սրճարանում փուչիկների պայթյունի տեսանյութը’