‘Ադրբեջանում խաղալը բարդ է, չպետք է ծանրաբեռնվես ավելորդ մտքերով. Արոնյանի հարցազրույցը՝ Haqqin.az-ին’

2262

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ մրցաշարին մասնակցող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել ադրբեջանական Haqqin.az կայքին: Սա 34-ամյա շախմատիստի արդեն երրորդ հարցազրույցն է այս կայքին: Նախորդները եղել են 2011 և 2012 թվականներին: 

Հարցազրույցը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

-Աշխարհի գավաթի առաջին 4 փուլերը արեն անցյալում են: Եթե ամփոփենք գրանցված արդյունքները, ինչպիսի՞ գնահատական կտաք մրցաշարին և քո ելույթներին:

-Ամեն ինչ դեռևս նախնական է: Կարևորը նյարդերս հանգիստ են: Աշխարհի գավաթը այնպիսի մրցաշար է, որում հաղթելու համար նաև բախտ է պետք: Բայց, իհարկե, դու պետք է պատրաստ լինես նաև սխալներին: Ինձ համար նվազագույն առաջադրանքը եզրափակիչ դուրս գալն է (եզրափակչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին, sportal.am — խմբ.):

-1/8 եզրափակչում կարող էիք հանդիպել ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովին: Ձեզ համար անսպասելի՞ էր նրա պարտությունը Վլադիսլավ Արտյոմևից:

-Ռաջաբովի դուրս մնալը զարմացրեց: Արտյոմևը շատ տաղանդավոր շախմատիստ է, բայց Թեյմուրը ավելի մեծ փորձ ունի: Բացի դա, ես հիշում եմ, որ Թեյմուրը միշտ հաղթում է թայ-բրեյքներում, իսկ այս անգամ չստացվեց: Բայց ինչպես ցույց է տալիս ընթացիկ մրցաշարը, դուրս մնալ կարող է յուրաքանչյուրը: Ցանկացած շախմատիստ կարող է հաղթել յուրաքանչյուրին:

-Մրցաշարերի ընթացքում հաճախ ենք տեսնում, թե ինչպես եք Դուք շփվում ադրբեջանցի շախմատիստների հետ: Կարո՞ղ ենք ասել, որ երկու երկրների միջև բազմամյա հակամարտությունը չի ազդում ձեր հարաբերությունների վրա:

-Մանկուց լավ հարաբերություններ եմ ունեցել Մամեդյարովի հետ: Հասկանալի է, որ խնդիր կա: Դու չես կարող ազատ շփվել: Գիտեմ, որ ձեզ համար դա խնդրահարույց է, բայց Շաքրիարին առանձնահատուկ հարգում եմ: Միշտ սիրել եմ նրա ոճը, թե ինչպես է նա խաղում: Մենք հոգեպես մոտ ենք: Երկուսս էլ ակտիվ ենք խաղում՝ հաղթանակի համար: Սովորաբար ,ես երկրպագում եմ Շաքրիարին:

-2015 թվականին Դուք ժամանել էիք Բաքու աշխարհի գավաթի խաղարկությանը: Նույնիսկ տարածվել էին Ձեր լուսանկարները, որոնցում Դուք զբոսնում էիք քաղաքում: Ինչպիսի՞ զգացողություններ են մնացել Բաքվից:

-Դա դժվար էր, այդ թվում նաև հոգեպես, քանի որ մենք չէինք կարող հանգիստ զբոսնել: Նամանավանդ, որ ես շատ շփվող մարդ եմ, սիրում եմ ազատություն ունենալ, ինչ-որ տեղ դուրս գալ: Հուսով եմ, որ կգա ժամանակը, երբ մենք կկարողանանք հանգիստ այցելել իրար և ունենալ լավ հարաբերություններ:

 

-Մի քանի տարի առաջ, երբ մեծ հավանականություն կար հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու, Դուք հայտարարեցիք, որ չէիք ցանկանա խաղալ Ադրբեջանում: Բաքու կատարած Ձեր այցից հետո կարծիքը փոխվե՞լ է:

-Ադրբեջանում խաղալը բավական բարդ է: Շախմատը ստեղծագործական մարզաձև է: Դու չպետք է քեզ ծանրաբեռնես ավելորդ մտքերով: Զբոսանքի դուրս գալուց առաջ, մենք պետք է զանգահարեինք և կես ժամ սպասեինք: Դա, անշուշտ, մեծ խնդիր է: Շատ եմ երազում այն մասին, որ կգա այն ժամանակը, երբ ես կկարողանամ ազատ զբոսնել Բաքվում:

-Չնայած որ հայ շախմատիստները 2015թ. ժամանել էին Բաքու՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը, մեկ տարի անց Հայաստանի հավաքականը չեկավ Ադրբեջան՝ Համաշխարհային օլիմպիադային:

-Հիշում եմ, որ աշխարհի գավաթի ժամանակ շատ ծանր էր: Մեր շախմատիստները իրենց անհարմարավետ էին զգում: Այնուամենայնիվ, մենք ցանկանում էինք գալ, սակայն դա երկար գործընթաց էր: Հայաստանի շախմատի ֆեդերացիան նույնպես ցանկանում էր, որ մասնակցեինք Օլիմպիադային, բայց արդյունքում՝ չստացվեց:

-Եթե համեմատեք աշխարհի գավաթի խաղարկությունը Բաքվում և Թբիլիսիում, ապա որի՞ն կտաք նախապատվությունը:

-Երկու մրցաշարերն էլ շատ լավ էին կազմակերպված: Բայց Բաքվում երկար չմնացի՝ արագ դուրս մնացի պայքարից: Այդ պատճառով համեմատելը այնքան էլ հեշտ չէ: Բայց հասկանալի է, որ այս պահին Ադրբեջանը այնպիսի տնտեսական վիճակում է, որ կարող է կազմակերպել ցանկացած մրցաշար:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ»՝ 1:3. «արքայական» ակումբի երկրորդ հաղթանակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը մեկնաբանել է «Էվերթոն»-ի դեմ խաղը’