‘Ադրբեջանցի դիվերսանտները իրենց մասնակի մեղավոր են ճանաչել’

1042

ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկած դատավարությանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն իրենց մասնակի մեղավոր են ճանաչել:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Դիլհամ Ասկերովը հայտարարել է, որ մինչ 2014թ. արդեն 3 անգամ` 2005-ին Շահբազ Գուլիևի հետ և 2007 թ. երկու անգամ` մեկը  ոմն Րաֆֆիի և Վագիֆի, մյուսը` միայնակ, այցելել է ԼՂՀ՝ բայց բացառապես հարազատների գերեզմանին այցելելու նպատակով, և չի ընդունել իրեն առաջադրված՝ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը:

Ասկերովը չի ընդունել նաև լրտեսության և անչափահաս Սմբատ Ցականյանի առևանգման և սպանության մեղադրանքը: Բայց ընդունել է ապօրինի զենք կրելու, փող, փաստաթուղթ և անասուն հափշտակելու՝ իրեն առաջադրված մեղադրանքները:

Իսկ նրա հանցակից Շահբազ Գուլիևն ընդունել է այս տարի Հասան Հասանովի հետ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը, բայց պնդել է, թե չի իմացել, որ դա ապօրինի է:

«Դիլհամն ասաց` ոչ ոք չկա, մենք հավատացինք»,- հայտարարել է Գուլիևը: Ի դեպ, նա պնդել է, որ 2005թ. ևս չի իմացել, որ ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահման կա: Ինչ վերաբերում է ապօրինի զենք կրելու մեղադրանքին, Գուլիևը հայտարարել է, թե զենք իրեն այս տարի սահմանի վրա են տվել՝ առանց հստակեցնելու, թե ով, իսկ 2005թ. ինքն անզեն է մտել Ղարաբաղ:

Նա նաև վստահեցրել է, թե չի կրակել և չի մասնակցել անչափահաս տղայի առևանգմանն ու սպանությանը: Ներկա է եղել, ամեն ինչ տեսել է, բայց չի մասնակցել, ավելին, իր պնդմամբ, նույնիսկ կերակուր է տվել առևանգված տղային:

Ի դեպ, երկու մեղադրյալներն էլ այսօր դատարանում հայտնել են, որ նախկինում դատված են եղել, մեկը` 6 տարի, մյուսը` 15 օր ժամկետով:

Նշենք, որ նրանց շահերը դատարանում պաշտպանում են պետական պաշտպաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը:

Մեղադրողը ավագ դատախազ Կարեն Գաբրիելյանն է: Դատը վարում է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Անատոլի Թադևոսյանը:

Հիշեցնենք՝ 2014թ. հունիսին ԼՂՀ Շահումյանի շրջանում հայտնաբերվեց Սմբատ Ցականյանի դիակը` բազմաթիվ հրազենային վնասվածքներով: Ավելի ուշ պարզվեց, որ նրան առևանգել ու դաժանաբար սպանել են հենց այս դիվերսիոն խմբի անդամները, որոնցից մեկը վնասազերծման պահին սպանվել էր ԼՂՀ իրավապահների կողմից, մյուս 2-ը ձերբակալվել էին:

Բայց մինչ այդ ադրբեջանցիները սպանել էին նաև ԼՂՀ պաշտպանության բանակի սպա Սարգիս Աբրահամյանին ու հրազենով վիրավորել նրա հետ ավտոմեքենայում գտնվող Կարինե Դավթյանին:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները այցելեցին Պանթեոն եւ Եռաբլուր (Տեսանյութ, ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Մանուել Նոյերի տպավորիչ խաղը Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում (տեսանյութ)’