‘ԱԺ-ը միաձայն ընդունեց հույների ու ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ‘

1165

Ազգային Ժողովը միաձայն քվեարկությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում 1915-23թթ. իրականացված՝ հույների և ասորիների ցեղասպանության փաստը ճանաչող եւ դատապարտող հայտարարությունը:

Նախագծին կողմ քվեարկեց 117 պատգամավոր:

Քվեարկության արդյունքները հայտարարվելուց հետո պատգամավորները ոտքի կանգնեցին, դահլիճում հնչեցին ծափահարություններ:

Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց, որ ԱԺ-ը առաջիկայում քննարկման դնի նմանատիպ մի օրինագիծ եզդիների ցեղասպանությանը վերաբերյալ: Զոհրաբյանը նշեց, որ սխալ է՝ ցեղասպանությունների ճանաչման հարցում հաշվի առնել կրոնական տարբերություները (երեկվա քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող Էդուարդ Շարմազանովը, որպես եզդիների հարցը նախագծում չներառելու փաստարկ, նշեց, որ եզդիները քրիստոնյա չեն):

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, այսօր չէր հիշում իր գործընկերոջ այդ հայտարարության մասին: Նրա խոսքով, քննարկումների ժամանակ կրոնական տարբերությունների մասին խոսք չի եղել:

«Մեր ազգային մենթալիտետը հուշում է ինձ ասել, որ մենք որեւէ կրոնի նկատմամբ բացասական վերաբերմունք չենք ունեցել», — ասաց Սահակյանը:

Նշենք, որ Հունաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել է դեռեւս 1999-ին:

Նախորդ հոդվածը‘Sport-Express. Հիմնական կազմում իր տեղը վերադարձնելը Մովսիսյանի համար լուրջ խնդիր կլինի’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ի՞նչ նոր փորձանք կբերի գլխներիս Սերժ Սարգսյանը ‘