‘Ալիսը արդարադատության աշխարհում’

2145

Գեղեցիկ և արևոտ մի օր բանկային հաշիվս ստուգելիս պատահաբար տեղեկանում եմ, որ հարկադիրի կողմից հաշվիս վրա կալանք է դրված: Բնականաբար` տեսախցիկներով գրանցված «խախտումներիս» համար: Բնականաբար, ճանապարհային ոստիկանությունից ոչինչ չեմ ստացել: Տեղեկություն չունեմ անգամ` ինչ խախտման համար են ինձանից բռնագանձում, ընդհանուր առմամբ` 45.000 դրամ: Ճանապարհային ոստիկանության ռեկորդների մասին մեկ ուրիշ անգամ կպատմեմ, թե առանց իրական խախտումներ գրանցելու` ինչպես են դրամաշորթությամբ զբաղվում շանտաժի միջոցով: Բայց դատական ակտերի հարկադիր կատարման վարչության գործելակերպը, ծաղրածուական ասեմ` այդ մասնագիտության մարդկանց կվիրավորեմ, կոռուպցիոն ասեմ` ահագին մեծ կոմպլիմենտ կլինի… ավելի լավ է պատմեմ հերթականությամբ:

Բանկից ստանում եմ իմ դրամական միջոցների վրա արգելք դնելու մասին ԴԱՀԿ որոշումը և հաջորդ օրն առավոտյան գնում պարզելու: Հերթի կտրոնն ստանալիս տեսնում եմ` վրան գրված են վճարումներ կատարելու համար հերթագրվածների սերիան և համարը: Աշխատակցին խնդրում եմ ինձ ուղղորդել այնտեղ, որտեղ կարող են պատասխանել հարցերիս, որովհետև ես որևէ բան վճարելու ոչ հիմք ունեմ, ոչ էլ` ցանկություն: Ասում են` միևնույնն է, հերթ կանգնեք վճարման պատուհանի մոտ: Հերթս հասնում է ուղիղ 48 րոպեից: Ասում եմ` հաշվիս կալանք են դրել, ես ոչնչից տեղյակ չեմ, ճանապարհային ոստիկանությունից նամակ չեմ ստացել նշված խախտումների համար և եթե ստանամ, ապա շատ մեծ հարց է` այս անգամ ինչ գրած կլինեն լեյտենանտ Շմիդտի որդիները: Չէ՞ որ ես ունեմ առարկայական ապացույցներ, որ ոստիկանները շանտաժի միջոցով փող շորթելու բոլոր հնարքներին տիրապետում են (Ռոբերտ Քոչարյանը կասեր. «Բա էս երկրում մի տղամա՞րդ չկա` ինձ դատի տա», որ ես հիանալի առիթ ունենամ հանրությանը ներկայացնելու կոնկրետագույն ապացույցներ, բայց ինչևէ…):

Իր աշխատանքից դժգոհ, ճակատագրից հալածվածի դեմքի արտահայտությամբ աշխատակցուհին նայում է վրաս` կարծես իրենից մի բան եմ գնել, բայց հրաժարվում եմ փողը տալ: Ավելի՛ քան բնական ռեակցիա. երկրիս արդարադատության օրրանի բոլոր պատուհաններին մոտենում ու անարդարությունից դառնացած դեմքով փող են մուծում, իսկ ես հիմար հարցեր եմ տալիս: Ճիշտ է, մուծողներից ամենաքաղաքավարին առնվազն երեք անգամ օգտագործում էր «սրիկա» բառը, իսկ նրանք, ովքեր ոչինչ չունեին կորցնելու, ինչ-որ տարօրինակ ազգանուններով մարդկանց ծնողների հետ տարօրինակ հարաբերություններից էին խոսում: Երկար չնկարագրեմ ԴԱՀԿ քաղաքացիների ընդունարանի մթնոլորտը: Մենակ զարմանում եմ` կենդանի մարդիկ ինչպես են աշխատում անեծքի և հայհոյանքի այդ հորձանուտում: Առաջին անգամ խղճացի այնտեղ նստած բոլոր աշխատակցուհիներին, որոնք ամեն Աստծո օր բացասական էներգիայի ահռելի չափաբաժին են ստանում: Նրանցից մեկն էլ ինձ խորհուրդ տվեց ներքին հեռախոսով զանգել 159` հարկադիր կատարող արդարադատության լեյտենանտ Արմեն Հովհաննիսյանին, ում փայլուն գրչին էին պատկանում իմ վերաբերյալ կայացված 4 որոշումներն էլ: 48 րոպե հերթում կանգնեցի` ստանալու համար ոչ մի պարզաբանում և մի թանկարժեք խորհուրդ` զանգել Արմեն Հովհաննիսյանին: Վերջ առաջին մասի:

Մասն երկրորդ: Ընդունարանի 3 հեռախոսներն էլ զբաղված են, իսկ ես աշխատանքից ուշանալս չեմ կարողանում փոխել մարդկանց խոսակցությունները լսելու գայթակղության հետ: Մի թոշակառու վարորդ հայհոյում է ու բղավում. «Էկեք կյանքս բռնագանձեք, անաստվածներ, ես բան չունեմ բռնագանձելու», կողքի կինը հեռախոսային սեքս է մատուցում ներկաներին. «Պարոն …յան ջան, որ բոլորը ձեզ նման մտածեին, մենք հիմա Շվեյցարիա կլինեինք» (էդ խեղճ Շվեյցարիան ինչու է հայերի ձեռքը գարշահոտ միջավայրում հայտնվել` չգիտեմ): Երրորդ հեռախոսով գյուղից եկած մի երիտասարդ թե` ախպերս, աղաչըմ եմ, գոնե թողեք տուգանքը մուծեմ, էդ տոկոսներն ու հարկադիրի հինգ հազարը հանեք, չեմ կարա, ձեր ցավը տանեմ…

Սպասում եմ այս տխուր կուպեում: Առաջինը հեռախոսը կախեց թոշակառուն: Ուրախացա, որ հերթս հասավ, բայց ծերուկը թքեց հեռախոսի վրա` զզվեցի վերցնեմ: Հույսս դրեցի գերատեսչական ներքին համարով էրոտիկ սեանս տվող կնոջ խղճմտանքին, որ գուցե կտեսնի սպասող կա` շուտ կվերջացնի: Խոսակցությունը նկատի ունեմ: Էրոտիկ սեանսի վերջը չէր երևում, երբ հուսահատ երիտասարդը շպրտեց խոսափողը, և ես անկեղծ ուրախացա, որ վրան թքելը փոխարինվել էր ընդամենը ինչ-որ մեկի մորն ուղղված յուրօրինակ ուղերձով: Ես անմիջապես թռցնում եմ խոսափողը: Ինչպիսի՜ հիասթափություն: Արդարադատության լեյտենանտը տեղում չէ: Փորձում եմ 15 րոպեից: Չկա: Ազարտը հաղթում է: Աշխատանքի շտապելու փոխարեն, ժամացույցին նայելով` համարը հավաքում եմ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ: Ուղիղ 40 րոպե անցկացնելով ընդունարանի հեռախոսների մոտ` զգում եմ, որ եթե կին լինեի, կհղիանայի սեռական բնույթի այդքան հայհոյանք լսելուց: Դուրս եմ գալիս և մոտենում հերթական դժգոհ դեմքին` խնդրելով նորին գերազանցություն արդարադատության լեյտենանտի քաղաքային համարը: Բանավոր ասում է իննանիշ թիվը, որն, անկասկած, պիտի սկսվեր 060-ով` որպես հարգանքի տուրք մի պարոնի, որն ակնհայտ համակրանք է տածում 060-ով սկսվող համարատերերի հանդեպ:

Ուղիղ մեկ և կես ժամ հետո դուրս եմ գալիս ԴԱՀԿ շենքից` բացարձակ զրոյական արդյունքով, ու վերջանում է երկրորդ մասը:

Մասն երրորդ: Հաջորդ առավոտյան ժամը 9:15-11:30 պարբերաբար հավաքում եմ դժգոհ դեմքով կնոջ արտասանած հեռախոսահամարը: Ամեն անգամ ինձ ողջունում է ավտոպատասխանիչը, որը, նախ, տեղյակ է պահում, թե որտեղ եմ զանգում (ԴԱՀԿ զանգող յուրաքանչյուր անձի պետք է հիշեցնել, թե որտեղ է զանգել` լրացուցիչ սթրեսի մեջ գցելու համար), հետո խորհուրդ է տալիս հայերենի համար հավաքել զրո (երևի ճապոնացիներն ու  տանզանացիք զզվեցրել են խեղճ աշխատողներին), ապա` «եթե գիտեք ներքին համարը, խնդրում եմ հավաքել այն»: Գիտեմ, իհարկե: Հավաքում եմ: Խոսափողի մյուս կողմից մաքուր անգլերեն պատասխան է հնչում. «Ներողություն, ձեր հավաքած համարը գոյություն չունի, փորձեք նորից»: Միանգամից պատկերացնում եմ, թե ինչպես պիտի անգլերեն հայհոյանք տար գյուղից եկած նույն խեղճ երիտասարդը, եթե զանգեր ոչ թե ներքին, այլ քաղաքային հեռախոսով: Հուսահատ փորձում եմ կապվել օպերատորի հետ` հավաքելով զրո: Ոչ ոք հեռախոս չի վերցնում: Արդարադատության լեյտենանտ, էս անիրավ հասարակությունում  զոռով արդարություն հաստատող (նկատի ունեմ` հարկադիր կատարող), նորին գերազանցություն Արմեն Հովհաննիսյանի հետ հեռախոսային կապ հաստատելու վերջին փորձերս ձախողմամբ են պսակվում, իսկ ես միայն ուշացումով եմ հասկանում, որ քաղաքացիներին այդ համարը տրվում է զուտ 060-ին եկամուտ ապահովելու հանձնարարությամբ: Անձամբ ես` այդ օրը նրան հարստացրի 20 րոպեով, իսկ արդարադատության լեյտենանտի հետ շփման փափագս այդպես էլ մնաց անկատար:

Մասն չորրորդ: Հիմա ընդամենը մի հարց` քե՛զ, ընկեր լեյտենանտ Արմեն Հովհաննիսյան: Այն, որ բոլոր որոշումներումդ գրել ես` «ուսումնասիրելով այսինչը` պարզեցի այնինչը և որոշեցի արգելք դնել դրամական միջոցների վրա», ի՞նչն ես ուսումնասիրել, ի՞նչն ես պարզել: Երեք ասածիցդ երկուսն անպատկառ սուտ է, և միայն արգելք դնելն է համապատասխանում իրականությանը: Արդյո՞ք ուսումնասիրել ես, թե ես ստացել եմ ՃՈ-ից խախտման մասին որևէ ծանուցում: Արդյո՞ք պարզել ես` եթե ստացել եմ` բողոքարկե՞լ եմ, թե` ոչ, ՃՈ-ն արդարացի որոշու՞մ է կայացրել, թե` ոչ: Թե՞ դու արդարադատության նախարարության աշխատող չես և «արդարություն» բառի հետ որևէ առնչություն չունես: Արդյո՞ք հարցում արել ես Հայփոստի համապատասխան մասնաճյուղ, թե իմ ստորագրությամբ ստացականներ առկա՞ են, թե` ոչ: Արմեն Հովհաննիսյան, քանի որ լիովին անհասանելի «զոռով արդարություն» հաստատող ես, հանրային միջոցներով եմ հարցերս տալիս քեզ, հանրային միջոցներով էլ պատասխան եմ պահանջում: Եթե որոշմանդ մեջ գրած չլինեիր «ուսումնասիրեցի» և «պարզեցի» բառերը, կհասկանայի, որ հարկադիրի և տեսախցիկ տեղադրողի համատեղ բիզնեսի մի մասն ես ու հանձնարարություն ես կատարում. նրանք գրում են, դու ապօրինի բռնագանձում ես: Բայց որ գրել ես այդ երկու բառը, պիտի բացատրություն տաս, թե ինչն ես ուսումնասիրել և ինչն ես պարզել: Այդ բացատրությունդ պիտի լինի փաստաթղթերով ամրապնդված և ոչ` մի ամսից, այլ` հիմա, որ հետին թվերով  թղթեր չհասցնես նկարել: Արդարադատության լեյտենանտ Արմեն Հովհաննիսյան, ուշադիր սպասում եմ պատասխանիդ, հակառակ դեպքում` բանկային հաշվիս վրա ինքնագլուխ կալանք դնելուդ համար պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով հասնելու եմ մինչև վերջին միջազգային դատական ատյանը:

Հ.Գ. Մարդու արժանապատվությունը վիրավորող այս վազվզոցի ընթացքում, ի տարբերություն մյուսների, ձեզանից ոչ մեկին չեմ հայհոյել, այլ խղճացել եմ, որ արդարադատության լեյտենանտի կոչումն ուսներիդ` ստիպված եք անարդարություն գործել: Խղճացել եմ ձեզ, տղերք, որովհետև շատերդ կմարսեք, կանցնի-կգնա, բայց էս անիրավ աշխարհում միայն: Արդարության իսկական ատյանի առաջ կկանգնեք մեկ այլ տեղ, որի գոյության մասին չեք էլ կասկածում…

Դավիթ Ասլանյան

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը’