ԱՀԿ․ Տարեսկզբից խոլերայի բռնկումներ են արձանագրվել ավելի քան 30 երկրներում

218

Այս տարի խոլերայի բռնկումներ են արձանագրվել առնվազն 31 երկրներում, վարակվելու ռիսկի է ենթարկվել մոտավորապես մեկ միլիարդ մարդ։

Ժնևում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին այսպիսի տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։

«Մենք այդ հիվանդությունը պետք է վաղուց հաղթահարած լինեինք, մինչդեռ, փաստորեն, այն աճում է»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։ Նա շեշտել է, որ 2022 թ․ խոլերայով հիվանդացությունը 2021 թ․ համեմատ կրկնակի աճել է, «իսկ այս տարի ավելի վատ կլինի»։ Գեբրեյեսուսը տեղեկացրել է, որ 2023 թ․ «առնվազն 31 պետություններում խոլերայի բռնկումներ են եղել» և «ռիսկի է ենթարկվել մեկ միլիարդ մարդ»։

«Ամենաշատը հիմա մտահոգիչ են բռնկումները Բուրունդիում, Կամերունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Թանզանիայում, Սուդանում, Սիրիայում և Զիմբաբվեում»,- նշել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

Նախորդ հոդվածըՈՒԵՖԱ-ն Բելգիա — Շվեդիա ընդհատված խաղում արձանագրել է 1-1 հաշիվը
Հաջորդ հոդվածըԿիմ Չեն Ինն ու Լավրովը քննարկել են աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը