‘ԱՀԿ ղեկավարը ստիպված է եղել հրաժարվել Ռոբերտ Մուգաբեին բարի կամքի դեսպան նշանակելուց’

1787

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեին նշանակել է բարի կամքի դեսպան: Հոկտեմբերի 20-ին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Մուգաբեի նշանակումը կօգնի «ազդելու տարածաշրջանում նրա գործընկերների վրա»: Որպես Մուգաբեի գլխավոր խնդիրներից մեկը՝ նշվել է պայքարը ոչ վարակիչ հիվանդությունների (քաղցկեղ, սրտի, շնչառական համակարգի հիվանդություններ, շաքարախտ և այլն) դեմ:

Այս որոշումը քննադատվել է առողջապահության զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող մի քանի խմբերի կողմից:

«Մուգաբեի կոռուպցիան, տնտեսությունը վարելու աղաղակող անկարողությունը քանդել է առողջապահության համակարգը Զիմբաբվեում: Ավելին, Մուգաբեն ինքը բուժում է ստանում արտասահմանում»,- հայտարարել է Human Rights Watch –ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը:

Բացասական արձագանքներից հետո ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ « լսել» է քննադատների ձայնը ու «վերանայում է» իր որոշումը:

ԱՀԿ բարի կամքի դեսպանները «արվեստի, գրականության, զվարճանքի, սպորտի և հասարակական կյանքի այլ ոլորտների հայտնի մարդիկ են», որոնք ավանդ են ներդնում «առողջապահության խնդիրների հանդեպ ուշադրություն հրավիրելու» հարցում: Դեսպանները նշանակվում են երկու տարով:

Ռոբերտ Մուգաբեն Զիմբաբվեի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 1987 թվականից, նրան բազմիցս մեղադրել են մարդու իրավունքների խախտումների և քաղաքական ընդդիմությանը հալածելու մեջ: 2003 թվականից ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել  Մուգաբեի դեմ:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Մակգրեգորը՝ հերթական սկանդալային պահվածքը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ. Հակառակորդը կիրառել է հրետանային զինատեսակներ’