‘«Ամենաազդեցիկը», «հավասարը չունեցողը» և այլ գովեստներ՝ Պուտինի հասցեին’

1214

Սոցիոլոգիական տվյալների համաձայն՝ Վլադիմիր Պուտինի վարկանիշը 2014 թ. գրեթե ողջ ընթացքում ռեկորդային բարձր մակարդակի վրա է: «Լևադա-կենտրոնի» վերջին տվյալներով՝  նախագահի պաշտոնում Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս ռուսաստանցիների 85 %-ը: Իսկ ռուսաստանցի քաղաքական ու հասարակական գործիչներն էլ ժամանակ առ ժամանակ երկրի առաջնորդի համբավը «թեժացնում» են շռայլ գովեստներով:

Այսպես, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան երկուշաբթի մասնակցել է փոխնահանգապետերի խորհրդակցությանը և ելույթ  ունեցել «քաղաքական առաջնորդների մասշտաբների մանրացումը» թեմայով: «Որտե՞ղ կան դը Գոլի, Քենեդու, նույն Ռեյգանի, Քոլի կամ թեկուզ Քիսինջերի մասշտաբի գործիչներ: Երկրները ղեկավարում են ոչ թե քաղաքական  առաջնորդներ, այլ ինչ-որ անգույն մենեջերներ, որոնք աշխատանքի են վարձվել 4-5 տարով: Նրանց մեծ մասը ի վիճակի չէ չափել «պլիդուսից» բարձր, իսկ նրանց քաղաքական կշիռը գնահատվում է ոչ թե գործերով, որտեղ անգամ նրանք ինքնուրույն չեն, այլ դուր գալու և մտքեր շարադրելու ունակությամբ՝ մտքի տեղ հաճախ ներկայացնելով դրա իսպառ բացակայությունը: Իզուր չէ, որ մեր նախագահը համաշխարհային վարկանիշում առաջատար է: Արևմտյան աշխարհում ո՞վ կա նրան հավասար: Ոչ մեկին չեմ տեսնում»,- ասել է Նեբենզյան:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը մեկ ամիս առաջ «Վալդայ» բանավիճային ակումբում, ականատեսների փոխանցմամբ, այսպիսի միտք է ձևակերպել. «Քանի դեռ կա Պուտինը՝ կա Ռուսաստանը, չկա Պուտինը՝ Ռուսաստան չկա»: Ուստի և, մեկնաբանելով արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ՝  Վոլոդինը պնդել է, թե՝ «ռուսաստանցիները լավ են հասկանում, որ Պուտինի դեմ հարձակումներն իրականում հարձակումներ են Ռուսաստանի վրա»:

Օգոստոսին Ղրիմում դումայի խմբակցությունների ղեկավարների հանդիպմանը ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Պուտինին վերանվանել «գերագույն տիրակալ»: Իր նախաձեռնությունը նա բացատրել է Ռուսաստանը ռազմականացված տնտեսության մոդելի տեղափոխելու անհրաժեշտությամբ: «Ռազմականացումը, քարոզչությունն են մեր ճանապարհը»,- հայտարարել է Ժիրինովսկին և իր խոսքն ավարտել է լերմոնտովյան «Неужели не могут наши командиры, чужие изорвать мундиры о русские штыки» տողով: Ճիշտ է, Պուտինն ստիպված է եղել արձագանքել Ժիրինովսկու այս ելույթին և հայտարարել, որ դա «Վլադիմիր Վոլֆովիչի անձնական կարծիքն է, որը ոչ միշտ է համընկնում ՌԴ պաշտոնական տեսակետին»:

Նախորդ հոդվածը‘Օբաման որոշել է ոստիկաններին զինել տեսախցիկներով’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում տիբեթերենը քարոզելու համար երգիչը դատապարտվել է 4 տարվա կալանքի’