‘Ամերիկյան քաղաքում կարգելվի իջեցված տաբատ կրելը’

1179

Ամերիկյան Ֆորեսթ Գրին քաղաքի (Իլինոյս նահանգ) իշխանությունները մտադիր են արգելք սահմանել իջեցված տաբատներ կրելու նկատմամբ, հաղորդել է Metro-ն: Օրենքի կատարմանը կհետևի քաղաքի ոստիկանությունը: Օրենքը խախտողներին սպառնում է 750 դոլար տուգանք՝ հասարակական կարգը խախտելու համար:

Քաղաքապետ Էնթոնի Քալդերոնը պատմել է, որ արդեն մի քանի տարի է՝ բողոքներ են ստացվում այն մարդկանց դեմ, ովքեր նման տաբատներ են կրում: «Ես ամեն օր հանդիպում եմ մինչև ծնկները ցած ընկած տաբատներով անչափահասների, և ինձ համար դա շատ տհաճ է: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում այս սերնդի հետ»,- հայտարարել է քաղաքապետը:

Պարբերականը նշում է, որ քաղաքի ոչ բոլոր բնակիչների սրտով է արգելքը: Շատերը կարծում են, որ իշխանությունները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն հանցավորությանը, այլ ոչ թե նորաձևությանը:

Ֆորեսթ Գրինը առաջին քաղաքը չէ, որ պատրաստվում է արգելել իջեցված տաբատ կրելը: 2014 թ. մայիսին Փայքվիլլ քաղաքի (Թենեսի նահանգ) իշխանությունները նույնպիսի արգելք են սահմանել՝ այն խախտելու համար նշանակելով 25-50 դոլարի տուգանք: Իսկ 2012 թ. ապրիլին Ալաբամայի մի բնակիչ կալանավորվել էր՝ դատարանի դահլիճում գոտկատեղից ցած իջեցրած ջինսով հայտնվելու համար: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ եւ Չինաստանը պայմանավորվել են խուսափել ռազմական բախումներից’
Հաջորդ հոդվածը‘Օբաման չինացիների վրա ռեփերի և անբան մարդու տպավորություն է թողել’