‘ԱՄՆ դեսպան. Խաղաղության կորպուսը նպաստում է Հայաստանի և ԱՄՆ միջև միջմշակութային երկխոսության զարգացմանը’

843

Նոյեմբերի 12-ին Երևանում կայացել է Հայաստանում ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների խմբի երդման հանդիսավոր արարողությունը: 36 նոր կամավորների երդումն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Իր ելույթում դեսպանը շնորհակալություն է հայտնել կամավորներին Հայաստանի և ԱՄՆ միջև բարեկամության զարգացման ու ամրապնդման գործում ավանդի համար: Դիվանագետը որպես կեսկատակ խոստովանել է, որ կենսաթոշակի անցնելուց հետո ինքը կցանկանար դառնալ Խաղաղության կորպուսի կամավոր:

«Կամավորները կաշխատեն Հայաստանի բոլոր մարզերում: Մենք չափազանց երախտապարտ ենք Հայաստանի կառավարությանը մեր կամավորներին ընդունելու համար, ինչպես նաև դպրոցներին, կազմակերպություններին և ընտանիքներին, որոնք նրանց հետ կաշխատեն», — նշել է Հեֆերնը:

Նշենք, որ երդման արարողությունից հետո կամավորները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ առաջիկա 2 տարում կաշխատեն բնակչությանն անգլերենի ուսուցման և համայնքի ու երիտասարդության զարգացմաբնծրագրի շրջանակում: Մինչև երդումը կամավորները 11 շաբաթ պատրաստություն են անցել Հայաստանում, որը ներառում է նաև հայերենի ինտենսիվ ուսուցում:

ԱՄՆ խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թվականին ԱՄՆ նախագահ Ջ.Ֆ.Քենեդիի կողմից: Այն ժամանակվանից ի վեր կորպուսի կազմում ծառայել է ավելի քան 200 հազար կամավոր` 139 երկրներում: Կորպուսը հետապնդում է երեք նպատակ. մասնագիտական օգնության տրամադրում ընդունող երկրներին, աջակցություն ամերիկացիների ճիշտ ընկալմանն այդ երկրներում և ամերիկացիների կաղմից ընդունող երկրների մշակույթների ճիշտ ընկալմանը: Խաղաղության կորպուսը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1992 թվականին` Հայաստանի կառավարության հրավերով:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ պրոֆեսիոնալ գործընկերներին, և Մեսսին, բնականաբար, բացառություն չէ»’
Հաջորդ հոդվածը‘Ս.Դեմիրճյան. Սա երկրում ստեղծված իրավիճակին համարժեք բյուջե չէ (տեսանյութ)’