‘ԱՄՆ հետախուզության տնօրենը՝ ՌԴ-ի կողմից ընտրություններին միջամտելու մասին’

2046

Այս պահին ամերիկյան հետախուզությունը ոչ մի կասկած չունի, որ Ռուսաստանը փորձել է միջամտել 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը:

Ելույթ ունենալով անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում՝ նա նշել է, որ մեկ տարի առաջ, երբ ինքը դեռ այդ պաշտոնը չէր զբաղեցնում, ամերիկյան հատուկ ծառայությունները զեկուցել են, որ ՌԴ-ն իսկապես փորձել է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա: «Այն ամենը, ինչ տեղի է ունեցել դրանից հետո, խոսքը հետախուզական տվյալների հավաքման մասին է, հաստատում է, որ այդ գնահատականը ճիշտ էր»,- ասել է Քոութսը:

Խոսելով ԱՄՆ-ում մի խումբ ռուսաստանցիների ներկայացված մեղադրանքի մասին, որոնք, ենթադրաբար, փորձել են միջամտել ընտրություններին, Քոութսը հայտարարել է «հայտնաբերված բազմաթիվ փաստերի» մասին, որոնք ապացուցում են այդ մարդկանց մեղքը:

«Ես զարմանում եմ, որ ռուսաստանցիներն ամեն տարի գալիս են այստեղ՝ հերքելու, փաստորեն, հաստատված փաստերը: Դա գրեթե ինքնաբերաբար է կատարվում. նրանք գալիս են, ընդ որում՝ կարևոր չէ, թե հատկապես ով: Օրինակ՝ այսօր այդ թեմայով խոսել է նրանց ԱԳՆ ղեկավարը, և նա նույնպես հերքում էր փաստերը»,- հավելել է Քոութսը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լավրով. Իսրայելի ոչնչացման մասին հայտարարություններն անընդունելի են’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը ԵՄ-ից դուրս գալու կողմնակից է’