‘ԱՄՆ-ն անվտանգության նոր միջոցներ է կիրառում արտասահմանյան ավիաչվերթներում’

2539

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ խստացնում են անվտանգության միջոցառումները արտասահմանյան ավիաչվերթներում, որպեսզի հնարավոր չլինի օդանավ բերել պայթուցիկ նյութեր:

Անվտանգության ընդլայնված միջոցառումները չեն վերաբերում նոութբուքերին, ինչից վախենում էին շատերը:

Այս տարվա մարտին ԱՄՆ-ն արգելեց Թուրքիայից, Մարոկկոյից, Հորդանանից, Եգիպտոսից, ԱՄԷ-ից, Քաթարից, Սաուդյան Արաբիայից և Քուվեյթից ժամանող ավիաչվերթներում տեղափոխել «սմարթֆոնից մեծ էլեկտրոնային սարքեր»՝ մտավախություն ունենալով, որ այդ սարքերում կարող են ռումբ թաքցնել:

Անվտանգության նոր միջոցները նախատեսում են զննության խստացում աշխարհի բոլոր 105 երկրներից ԱՄՆ ժամանող չվերթներում: Ավիաընկերություններին երեք ամիս ժամանակ է տրվել՝ զննության նոր միջոցառումներին նախապատրաստվելու համար, հակառակ դեպքում նրանց կարգելվի թռիչք իրականացնել ԱՄՆ:

Այդպիսով՝ խստացված ստուգումների կենթարկվեն 2 հազար ավիաչվերթների ուղևորներ, որոնք ամեն օր ԱՄՆ են ժամանում աշխարհի 280 օդանավակայաններից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ATP. Կարեն Խաչանովը՝ 34-րդ ռակետ’
Հաջորդ հոդվածը‘Թոմ դե Վաալ. Համեմատե՛ք Լեռնային Ղարաբաղն ու Կիպրոսը եւ լաց եղեք’