‘Այսօր «Դեմ եմ»-ը բողոքի ակցիա կանցկացնի ֆիննախի մոտ’

986

«Դեմ եմ» նախաձեռնության ֆեյսբուքյան նախաձեռնությունից տեղեկանում ենք, որ այսօր ժամը 12:30-ին բողոքի ակցիա է նախատեսվում Ֆինանսների նախարարության մոտ, որի նպատակն է պահանջել համատեղությամբ աշխատող դասախոսների և գիտաշխատողների խնդրի լուծումը:

««Նպատակային պարտադիր սոցիալական վճարի» օրենքի ուժի մեջ մտնելու պահից պետական համակարգում աշխատող քաղաքացիներն՝ առանց կամաարտահայտման հնարավորության, ընդգրկվեցին կուտակային համակարգի մեջ։ Պարտադիր սոցիալական վճար կատարելու պարտականությունը տարածվեց նաև պետական և մասնավոր ոլորտներում համատեղությամբ աշխատողների վրա: Գիտության, կրթության ոլորտում աշխատող շատ երիտասարդ մասնագետներ համատեղությամբ աշխատում են նաև առաջատար մասնավոր ընկերություններում և, չցանկանալով պարտադրաբար ընդգրկվել կուտակային համակարգի մեջ, ստիպված դադարեցրին այդ ոլորտներում ծավալած իրենց գործունեությունը: Ավելի քան 30 դասախոսներ դուրս եկան պետական ԲՈՒՀ-երից, երկու տասնյակ երիտասարդ գիտնականներ՝ Գիտությունների Ազգային Ակադեմիայից:

Խնդրի մասին բաց նամակով դասախոսները դիմեցին կառավարությանը, իսկ ԴԵՄ ԵՄ քաղաքացիական նախաձեռնությունն էլ իր հերթին դիմեց ԲՈՒՀ-երի ղեկավարներին: Դրանից հետո կրթության ոլորտի բազմաթիվ պաշտոնյաններ իրենց մտահոգությունը հայտնեցին, և վարչապետը սեպտեմբերի 4-ին հանձնարարեց Ֆինանսների նախարարությանը հնարավորինս սեղմ ժամկետում քննարկել բուհերի աշխատակիցների բարձրացրած խնդիրները և դրանք լուծելու ուղիներ առաջարկել:

Խնդիրը մինչև այժմ բաց է մնում և օրըստօրե ավելի հրատապ է դառնում այն պատճառով, որ այս խայտառակ օրենքի համաձայն, եթե մինչև դեկտեմբերի 25-ը մասնավոր ոլորտի աշխատողը չհրաժարվի պարտադիր սոցիալական վճարից, ապա այլևս չի կարող հրաժարվել: Արդյունքում՝ կրթության և գիտության ոլորտների համատեղությամբ աշխատող մասնագետներն, ովքեր դեռ դուրս չեն եկել աշխատանքից, ակնկալելով hարցի շուտափույթ լուծում, նույնպես մեծ հավանականությամբ կցանկանան հրաժարվել դրանից:

Բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում կրթության և գիտությանը նետված այս մարտահրավերի հարցով, ցանկանում են, որպեսզի ԲՈՒՀ-երում դասավանդեն երիտասարդ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև գիտության ոլորտի երիտասարդացումը համարում են կարևոր խնդիր, «Դեմ եմ»-ը կոչ է անում միանալ բողոքի և պահանջի ցույցին»,- նշվում է նախաձեռնության հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին Զարուհի Փոստանջյանի նախագիծը մերժվեց’
Հաջորդ հոդվածը‘Գիլյեմ Բալագե. «Ռոնալդուն կարծում է, որ իր թիմակիցների մոտ պետք է միշտ խիզախություն դրսևորի և ցույց տա, որ չի վախենում Մեսսիից»’