‘Անծրագիր, գոյատևման բյուջե. «Հրապարակ»’

1210

Հովիկ Աբրահամյանի ներկայացրած 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումը թեև ԱԺ մշտական հանձնաժողովներում իշխանություն-ընդդիմություն դաժան փոխհրաձգությունների տեղիք չտվեց, բայց ոչ իշխանականները խանդավառված չեն նաև հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթով: Հովիկ Աբրահամյանն իր կաբինետի ներկայացրած բյուջեն մկրտեց «սոցիալական» անվանումով ու խոստացավ ստվերը վերացնել առանց «կախարդական փայտիկի», քայլ առ քայլ, մինչդեռ տնտեսագետները վստահեցնում են՝ այն լինելու է «գոյատևման» բյուջե, և մեծ տարբերություն չկա նախորդ և ներկա ծրագրերի միջև: Հաջորդ տարվա բյուջետային ծախսերի շուրջ կեսը բաժին է ընկել սոցիալ-մշակութային բնագավառին: Նախագծով բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 184.5 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 298.6 միլիարդ դրամ: 114.1 միլիարդ դրամի դեֆիցիտը, կառավարության ղեկավարի հավաստմամբ, հաղթահարելի է: Տնտեսական աճը, գործադիրի հաշվարկներով, հաջորդ տարի կկազմի 4.1 տոկոս, գնաճն էլ խոստանում են պահպանել 4 տոկոսի սահմանում:

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը որևէ դրական շեշտադրում չի տեսնում ներկայացված նախագծում. «Սովորական բյուջե է, ինչպես միշտ, վերջին տարիների նման: Ընդամենը դեկլարատիվ հայտարարություններ, առանց կոնկրետ նպատակների»: Փաստաթղթի ուսումնասիրությունը Խաչատրյանին բերել է մի եզրահանգման. «Ընդամենը եղած իրավիճակը պահելու խնդիր է դրված»: Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ստվերային տնտեսության դեմ անզիջում պայքարի ելած և խոշոր գործարարներին պարբերաբար հաթաթաներ տվող Հովիկ Աբրահամյանի կաբինետի ներկայացուցիչների հավաստիացումներին, թե հաջորդ տարվա բյուջեն միտված է ստվերը կրճատելուն, Վահագն Խաչատրյանը չի հավատում. «Այստեղ կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարի հոտ էլ չես առնում, էդպիսի բան չկա… Ես մի բան գիտեմ, որ, դատելով այդ նույն պաշտոնյաների, կառավարության անդամների հայտարարություններից, հաջորդ տարում լավ չենք ապրելու: Այն փոքրիկ աճն էլ, որ նախատեսում են, որպեսզի ապահովվի, մեծ ռիսկերի հետ է կապված, և դա կապում են Ռուսաստանի և Եվրոպայի տնտեսական պրոբլեմների հետ, իսկ ներքին ռիսկերի մասին ոչինչ չեն խոսում»: ՀԱԿ տնտեսագետի կարծիքով, որևէ ծրագիր, ռազմավարություն դրված չէ հաջորդ տարվա բյուջեի հիմքում: «Թե չէ ասում են սոցիալական բյուջե է, ո՞ր մի բյուջեն սոցիալական չէ,- հարց է հնչեցնում նա, պատասխանելով:- Աշխարհի ցանկացած բյուջե էլ սոցիալական է, բյուջեն հենց դրա համար է, որ մարդկանց սոցիալական պահանջներն ապահովի, բայց դու ծրագիր պիտի դնես, որ կարողանաս զարգացում ապահովես, ինչը չկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նախորդ հոդվածը‘G խումբ. «Սպորտինգը»-«Շալկե» դիմակայությունում հաղթեցին պորտուգալացիները , «Մարիբորը» և «Չելսին» խաղաղ ելք կնքեցին (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Զգուշացեք, Նարեկ Սարգսյանն է. «ՉԻ»’