‘Անշրջելուկներ’

1869

Ախր այնքան հումորային թեմա է, որ կարելի է անվերջ խոսել այդ մասին, բայց ինչքան էլ խոսես, միևնույն է` կրկին քիչ չեն լինի նրանք, ովքեր կպնդեն, որ այս աշխարհում անշրջելի բաներ չեն լինում, ու կրկին, հետևանքները վերացնելու փոխարեն՝ կսկսեն պայքարել աշխարհում եղած անշրջելի երևույթների դեմ:

Հատուկ ուշ հասկացողների համար մի քանի օրինակ բերեմ, հետո անցնեմ բուն թեմային: 

Շախմատում եթե խաղացողներից մեկը ձեռք է տալիս որևէ ֆիգուրի, նա պարտավոր է խաղալ այդ ֆիգուրով, ու եթե այդ ընթացքում որեւէ մեկը նշում է, թե, ենթադրենք, այդ խաղացողի՝ ձիով քայլն արդեն անշրջելի է, անկախ այդ պարտիայի վերջաբանից, նա ճիշտ է, քանի որ, ուզենք թե չուզենք՝ շախմատում այդպիսի կանոններ են գործում:

Իհարկե, կլինեն որոշ տխմարներ, ովքեր կսկսեն «անշրջելիության» մասին մտքեր հայտնողին մեղադրել, թե ինչո՞ւ նա այդ մասին ասաց, չէ՞ որ ֆիգուրը վերցնելու ընթացքում  հակառակորդը կարող էր  հանկարծամահ լինել, կամ էլ՝ երկրաշարժ տեղի ունենար, կամ էլ, վերջ ի վերջո, այդ վերցրած ձիով հարվածեր հակառակորդի գլխին: Բայց արի ու տես, որ այդ «հնարավորություններից» օգտվելու շանսը ցույց տալու փոխարեն՝ մարդիկ կան, որ պնդում են ձիուն  ձեռք տալու քայլի անշրջելիությունը:

Նույն կերպ էլ քաղաքականության մեջ է. ցանկացած քայլ ունի իր հետևանքները, ու եթե Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ որևէ նշանակալի քայլ է սկսում, նա չի կարող նույն պահին ետ կանգնել այդ քայլից: Հնարավոր է՝ հաջորդ քայլի ընթացքում ուղղվեն նախորդ քայլում կատարված սխալները, սակայն դա չի նշանակի, որ նախորդ քայլը անշրջելի չէր, այլ հակառակը, դրանով կապացուցվի նախորդ քայլի անշրջելիության փաստը:

Հիմա, կա երկու տարբերակ՝ կամ կատարել նոր քայլ, կամ փորձել ստեղծված դիրքում առավելագույնս օգուտ ստանալ: Բայց չէ, մեր խելոքները գտել են երրորդ տարբերակը` նրանք ո՛չ նոր քայլ են անում, ո՛չ էլ ստեղծված դիրքը փորձում օգտագործել մեր երկրի օգտին, այլ «պայքարում» են վաղուց կատարված քայլի անշրջելիության դեմ:

Հանճար պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ եթե քարը ընկավ պատուհանից ներքև, ապա  քարի՝ գետին ընկնելն անշրջելի է: Դե կարելի է, իհարկե, հրաշքների հավատալ, սակայն փոխանակ հրաշքների սպասելու՝ կարելի է պարզապես հնարավորինս արագ հեռանալ քարի «վայրէջքի վայրից»:

Հիմա, մարդ կա՝ անմիջապես է դա հասկանում, մարդ էլ կա՝ գլխին ընկնելուց հետո էլ չի հասկանում, որ ինչքան էլ աշխարհում հնարավոր լինեն հրաշքները, իսկ կյանքն էլ ինքնին լինի հրաշք, միևնույն է՝ այդ հրաշքներն էլ են ենթարկվում որոշակի օրենքների ու  օրինաչափությունների, եւ եթե լոտոյի մեջ 100-ից մեկը շահում է, դա ոչ թե հրաշք է, այլ օրինաչափություն՝99-ը պետք է պարտվեն, իսկ մեկը շահի: Պարզապես՝ տվյալ խաղի օրենքներն են այդպիսին:

Հիմա, երբ պնդում ենք, թե Սերժ Սարգսյանի ներկայացրած Ցեղասպանության հռչակագիրը կարող է պատուհաս դառնալ Հայաստանի գլխին, ու Հռչակագրի հիմնական դրույթները չփոխելու դեպքում Թուրքիայի դիրքորոշման կարծրացումը Հայաստանի նկատմամբ անխուսափելի է, դա չի նշանակում, որ Նոստրադամուս ենք, այլ պարզապես Նյուտոնի օրենքներից մեկը դպրոցում անցել ենք ու գիտենք, որ ցանակացած ազդեցություն ունենում է իր հակազդեցությունը, ու ցանկացած գործողություն էլ ունենում է իր հետևանքները, ու ավելի լավ կլինի մինչև քայլ անելը մտածել այդ հետևանքների մասին, թե չէ, քայլ անելուց հետո, բացի նրանից, որ այդ քայլը դառնում է անշրջելի, նաև շատ ավելի դժվար է լինում անակնկալ ստեղծված նոր իրավիճակից դուրս գալը:

Միսակ Մարտինյան

 

Նախորդ հոդվածը‘Պլատինի. «Պետք է կոշտ կանոններ սահմանվեն և ստեղծվի մարզական ոստիկանություն»’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ-ն մինչ օրս լռում է, թե ինչու է զինվորը հանձնվել Ադրբեջանին’