‘Անցնող շաբաթը. Կրկին հրդեհ, կրկին պայթող փուչիկներ’

1244

Անցնող շաբաթը սկսվեց արտակարգ պատահարով: Մարզահամերգային համալիրում, ուսանողների միջազգային օրվա առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի գլխավորությամբ կազմակերպված տոնական համերգի ժամանակ հրդեհ էր բռնկվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել էին, որ նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Բարեբախտաբար, նյութական եւ ֆիզիկական վնասներ չգրանցվեցին: Դեպքից հետո բոլորը միանգամից հիշեցին Կարեն Ավագյանի՝ նախկինում կազմակերպած մեկ այլ միջոցառում, որի ժամանակ փուչիկների պայթունից ուսանողները այրվածքներ էին ստացել:

Չարաբաստիկ զուգադիպությամբ, մի քանի օր անց՝ նոյեմբերի 20-ին, Երևանի մանկական սրճարաններից մեկում միջոցառման ժամանակ, տոնական տորթը կտրելու պահին փուչիկների պայթյունից երեք երեխա տարբեր աստիճանի այրվածքներ էին ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Ինչ խոսք, փուչիկների հարցը Հայաստանում լրջանում է:
Նոյեմբերի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Օմբուդսմենի գրասենյակում ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին: Մարտի 1-ի զոհերի ծնողները դժգոհություն են հայտնել՝ Եվրադատարանում Մարտի 1-ին վերաբերող գործերի անորոշ կարգավիճակի կապակցությամբ, ինչպես նաեւ ցանկություն հայտնել, որ ՄԻՊ-ը հնարավորություն ստեղծի հանդիպել միջազգային կառույցների այն ներկայացուցիչների հետ, որոնք քննում են Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը եւ մարտի մեկի դեպքերը: Իր հերթին՝ Կարեն Անդրեասյանը խոստացել է տարեվերջին իր զեկույցում կրկին մանրամասն անդրադառնալ Մարտի 1-ի դեպքերի քննությանը:

Իսկ ահա, ուրբաթ օրն արդեն՝ նոյեմբերի 21-ին, հետեւեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի երկրորդ հանդիպումը Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: Ինչպես նշվում է դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ՝ ՀՀ գլխավոր դատախազը, զոհերի հարազատների ներկայությամբ, ՀՀ գլխավոր դատախազության «Հատկապես կարևոր գործերով քննության վարչությանը» հանձնարարել է՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար ցուցում տալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նշված քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատելու մասին: «Ամեն մի զոհի համար հատկացվելու է մի դատախազ, մի քննիչ։ Բոլորը մի հոգու վրա չեն բարդի, որ սայլը տեղից չշարժվի»,- քննարկումից հետո «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել էր զոհված Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը։
Ամբողջ շաբաթ հայկական կողմին չէր հաջողվում մոտենալ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռին, քանի որ ադրբեջանցիները տարածքը կրակահերթի տակ էին պահում: Առաջ անցնելով՝ ասենք, որ արդեն  նոյեմբերի 22-ին, հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: ԼՂՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել է ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների աճյունները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինվոր: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:
Նոյեմբերի 19-ի նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը 270 մլն դոլար պետական արտահանման վարկ տրամադրելու և հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Ավելի վաղ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հաղորդել էր, որ 270 մլն դոլարի վարկից բացի՝ Ռուսաստանը կտրամադրի նաև 30 մլն դոլարի դրամաշնորհ:

Նոյեմբերի 19-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանը հանդիպել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Լեհաստանի արտակարգ եւ լրազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ։ Կոնգրեսի լրատվական ծառայությունից հայտնել են, որ դեսպանի խնդրանքով՝ Նախագահ Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական հարցերին, հնարավոր զարգացումներին ու քաղաքական պրոցեսների հանգուցալուծման հեռանկարներին։ Առաջին նախագահը ներկայացրել է նաեւ տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ իր տեսակետներն ու գնահատականները։ Նախագահ Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Երկուշաբթի օրվանից Ազգային ժողովը սկսեց արտահերթ նստաշրջան: Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 17-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը: Հիշեցնենք, որ օրինագծի համաձայն՝ Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորվում են, ինպես նաեւ՝ ստեղծվում է Միջազգային ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարարություն:
Նոյեմբերի 18-ին խորհրդարանը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական առումով առավել վտանգավոր՝ նախնական տվյալներով 31 սահմանամերձ համայնքներում իրականացնել կոմունալ ծախսերի փոխհատուցում:
Ազգային ժողովը նոյեմբերի 20-ի արտահերթ նիստը սկսել էր քվեարկություններով և ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները: Ոչ իշխանական ուժերի բոյկոտի հետևանքով երկու օրինագծերի ընդունումը տապալվել էր: Նախ, քվեարկության էր դրվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագիծը։ Ոչ իշխանական բոլոր խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը, իսկ մասնակցած ՀՀԿ-ականներից 61-ը կողմ, 2-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ քվեարկեցին։ Այնուհետեւ տապալվեց նաեւ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Քվեարկությունից առաջ Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Գագիկ Ջհանգիրանը նշեց, որ ներկայացված օրինագիծը ոլորտում առկա խնդիրները որեւէ կերպ չի կարգավորում, ուստի ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը: ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարեց, թե նախագիծն իրականում թալան է: Կրկին քվեարությանը մասնակցեց միայն ՀՀԿ–ն, եւ օրինագիծը մերժվեց է 57 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Այնուհետև պատգամավորները շարունակել են քննարկել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Ներքաղաքական իրադարձություններ. Հայտարարվել է, որ Դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների օրվան նվիրված ավանդական երթը, որը 2009 թվականից ի վեր անցկացնում է Հայ ազգային կոնգրեսը, այս տարի անցկացնելու է խորհրդարանական Եռյակը: Այդ մասին ԱԺ-ում կայացած Եռյակի հերթական հանդիպումից հետո հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Դեկտեմբերի 10-ին, ժամը 13-ին, Եռյակի ներկայացուցիչները կհավաքվեն Ազատության հրապարակում, կհնչեն ելույթներ, որոնք նվիրված կլինեն Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, ինչպես նաև Եռյակի ընդհանուր անելիքների մասին, ապա տեղի կունենա երթ:
Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդակցության էր հրավիրել ոչ իշխանական խմբակցություններին՝ քննարկելու ներկայացված 12 կետանոց պահանջների կատարման վերաբերյալ հարցեր: Ավելի վաղ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ թեեւ կառավարությունը անդրադարձել է կամ իրականացրել է 12 կետերից մի քանիսը, բայց պատրաստ է քննարկումների:

Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանը մասնակցել էին ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրել էր, որ խմբակցությունը որոշել է չընդունել Գալուստ Սահակյանի հրավերը: Խորհրդակցությունը բավականին կարճ էր տևել և որևէ արդյունք չէր տվել: Կայացած հանդիպմանը որեւէ բովանդակային քննարկում չէր ծավալվել, այդ մասին հայտարարել էին հանդիպմանը մասնակցած ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանը եւ Ռուբեն Հակոբյանը:

Նոյեմբերի 19-ին  Աժ-ում կայացած Եռյակի նիստում որոշում է ընդունվել, որ 12 կետերի հետ կապված՝ իշխանությունների հետ որևէ բանակցություն անիմաստ է: Այս մասին Եռյակի նիստից հետո լրագրողներին ասել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ բանակցություններ նախաձեռնելով՝ իշխանությունները հերթական անգամ փորձում են իմիտացիոն և անարդյունք գործընթաց սկսել, և որ իշխանությունները կարող են 12 կետերից ցանկացածը կամ ամբողջը կատարել առանց ընդդիմության հետ որևէ բանակցություն վարելու: Ընդ որում՝ Զուրաբյանը նշել է, որ 12 կետերի կատարում-չկատարումը որևէ կերպ չի կարող ազդել Համաժողովրդական շարժման ընթացքի և ռազմավարության վրա: 
Նա նշել է նաև, որ ԱԺ Եռյակը խորհրդարանի մյուս ոչ իշխանական ուժերի հետ միասին մոտ օրերս կնախաձեռնի ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ արտահերթ նիստ: Եթե մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, մասնակցի այդ նիստին և քվեարկի նախագծի օգտին՝ շատ լավ, իսկ եթե ոչ՝ հերթական անգամ կապացուցի, որ Սերժ Սարգսյանի խոսքերը որևէ արժեք չունեն:

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիայի նախկին վարչապետը ձերբակալվել է կոռուպցիայի գործով’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Հերթական խաղափուլի նախաշեմին’