‘«Առավոտ» և «Փաստինֆո» լրատվամիջոցների դեմ գործի քննությունը շարունակվում է’

1208

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2013 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդական խմբում ընդգրկված Նարինե Իսմայելիի փաստաբաններ Տիգրան Եգորյանը եւ Լուսինե Հակոբյանը  հայց են ներկայացրել քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ի, լրագրող Ռուզան Մինասյանի, «Փաստինֆո» կայքի համար պատասխանատու՝ «Հասարակայնության հետ կապերի ասոցիացիայի» եւ լրագրող Սոնա Մաշուրյանի: Փաստաբանները լրատվամիջոցներից պահանջում են հրապարակավ ներողություն խնդրել իրենց վստահորդից՝ նրա անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը խախտող տեղեկություններ հրապարակելու համար, եւ որպես փոխհատուցում՝ վճարել 200 հազար-ական դրամ: Երկու լրատվամիջոցներում էլ հրապարակվել է Նարինե Իսմայելիի կյանքին վերաբերող անձնական տեղեկատվություն, ինչի բարձրաձայնումը Եվրոպական կոնվենցիայի եւ պրոֆեսիոնալ լրագրության տեսանկյունից խախտում է համարվում: Այս մասին մեզ հետ զրույցում ավելի վաղ նշել էր «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արայիկ Մելքումյանի գլխավորությամբ շարունակվեց վերոնշյալ գործով դատավարությունը: Նշենք, որ գործով դատավոր Արայիկ Մելքումյանը հանդիսանում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավորի թեկնածուներից մեկը:

Դեռևս ս.թ. սեպտեմբերի 30-ին մի խումբ հասարակական գործիչներ և կազմակերպություններ, այդ թվում` «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը, իրենց մտահոգությունն էին բարձրաձայնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ` ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի ընտրության մրցույթի փաստաթղթային փուլում Հանձնաժողովի ոչ թափանցիկ և ոչ հրապարակային գործելաոճի կապակցությամբ: Ս.թ. հոկտեմբերի 4-ին ԻԵՄ-ը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ինչպես նաև առանձին հայտարարությամբ բարձրաձայնել էր փաստաթղթերի ստուգման փուլում տեղ գտած խախտումների մասին, մասնավորապես` ընդգծելով երեք հավակնորդների` նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, դատավորներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի կողմից փաստաթղթերը վերջնաժամկետից հետո ներկայացնելու կապակցությամբ իր կասկածները՝ հիմնվելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տրամադրած փաստաթղթերի վրա:

Այսօրվա նիստի ժամանակ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը եւ ՀԿ-ի անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեցին ինքնաբացարկի միջնորդություն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արայիկ Մելքումյանը ԻԵՄ-ի բացահայտումների շնորհիվ հարցազրույցի փուլում հրաժարվել էր մրցույթին հետագա մասնակցությունից: Տիգրան Եգորյանի խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով դատավար Ա. Մելքումյանը սույն գործով կողմնակալ է:

Լսելով հայցվոր կողմի միջնորդությունը թե՛ դատավորը, թե՛ պատասխանող կողմի ներկայացուցիչը զերծ մնացին կարծիք արտահայտելուց: Արայիկ Մելքումյանը իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի 5-ին: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Բոլորն իրենց բախտից են բողոքում, խելքից՝ երբե՛ք…’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ. Գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան’