‘Առաքել Թավրիզյան. Նահանջը` երգով’

14699

Ռեժիմի մեդիա-նախագիծը համեմատել է Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական հզորության ինդեքսը եւ արձանագրել, որ Ղարաբաղի հարցում դժվար է ոչ միայն վերջնական հաղթանակ ապահովել, այլեւ պահպանել այսօրվա ստատուս-քվոն:

Որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հարաբերակցությունը խախտվելու է հօգուտ երկրորդի, եւ ստատուս-քվոյի պահպանումը ծանրագույն բեռ է դառնալու Հայաստանի ուսերին, այդ մասին 1997թվի աշնանը հայտնի մամուլի ասուլիսում եւ «Պետերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում քաղաքագիտական ստույգ կանխատեսում արել է Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Այն ժամանակ նրան հակադարձում էին սփյուռքից տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար «ներդրումներ» ներգրավելու, Ռուսաստանից անվճար զենք ու զինամթերք բերելու, շրջափակման պայմաններում տնտեսության տարեկան երկնիշ թվերով աճ ապահովելու, ժողովրդին մեկ-միասնական «բռունցք» դարձնելու եւ հաղթական պատերազմի նախապատրաստելու մասին եւ այլ սին, ամբոխավարական խոստումներով:

Անցել է քսան տարի: Ադրբեջանի բնակչությունը յոթ միլիոնից հասել է իննի, պետական բյուջեն` Հայաստանի ՀՆԱ-ի գրեթե կրկնապատիկ չափի, իսկ ադրբեջանական բանակն աշխարհի 131 երկրների շարքում 59-րդն է, հայկականը` 95-րդը: 1994թվի մայիսին, երբ կնքվել է հրադադարի համաձայնագիրը, հայկական եւ ադրբեջանական բանակների միջեւ տարբերությունը չնչին էր: Նույնն էր նաեւ երկու երկրների տնտեսական իրավիճակը: Քսան տարի անց իշխանության մեդիա-նախագիծն արդեն խոստովանում է, որ ուժերի նման հարաբերակցության պայմաններում դժվար է պահպանել ստատուս-քվոն:

Իշխանություններն ուզած-չուզած հաշվի են նստում իրողությունների հետ: Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը խոսում է միայն Ադրբեջանի հարձակումը կանխելու եւ արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու հնարավորության մասին: Սա լուրջ նախանշան է, թե Ղարաբաղի հարցում ինչի եւ ինչպես է նախապատրաստվում Սերժ Սարգսյանը: Եթե Սերժ Սարգսյանը համարձակորեն գնա հարցի քաղաքական կարգավորմանը, պետք է մի կողմ դնել քաղաքական տարակարծությունները, հնարավորություն ստեղծել, որպեսզի Սերժ Սարգսյանը Ղարաբաղի բանակցություններում ունենա մանեւրի դաշտ: Խոսքը Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության, հայկական պետականության արդյունավետ գոյության մասին է: Սա այն դեպքն է, երբ չպետք է լինեն «աջեր» եւ «ձախեր», «հայրենասերներ» եւ «ոչ հայրենասերներ»: Դիվանագիտության ձախողումը Հայաստանին եւ Ղարաբաղին կանգնեցնելու է հյուծիչ, ռեսուրսներ մաշող և, ամենակարևորը` անիմաստ պատերազմի առաջ: Դրանից լրջորեն տուժելու է նաև Ադրբեջանը, բայց մեզ, նախևառաջ, պետք է հետաքրքրի այն կործանարար հետևանքը, որ կարող է պատերազմն ունենալ Հայաստանի ու Ղարաբաղի վրա:

Հետևաբար՝ Հայաստանի միակ ճանապարհն է գործի դնել դիվանագիտական լծակները, գնալ բանակցություններում ճեղքման, փակել զինված հակամարտության էջը, Ղարաբաղի համար ապահովել անվտանգության լիարժեք միջավայր, Հայաստանը դուրս բերել շրջափակումից, տնտեսական եւ կոմունիկացիոն մեկուսացումից: Իշխանության խնդիրն է լինել նախաձեռնող, համախմբել բոլոր սթափ ուժերը: Հակառակ դեպքում կունենանք եւս մեկ անպտուղ տասնամյակ, որի ավարտին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատնտեսական հավասարակշռությունը հօգուտ երկրորդի խախտված կլինի եւս մի քանի անգամ, եւ մենք առանց կրակոցի կկորցնենք Ղարաբաղը…

 

Նախորդ հոդվածը‘Անակնկալ Դոնալդ Թրամփից’
Հաջորդ հոդվածը‘Պոլսո պատրիարքարանը մանրամասներ է հայտնում Աթեշյանի պաշտոնանկությունից’