‘Առաքել Սեմիրջյան. Ադրբեջանական սադրանք’

1894

Ինչ խոսք, երեկ տեղի ունեցած միջադեպը աննախադեպ էր իր էությամբ, երբ զինադադարից հետո՝ առաջին անգամ 20 տարվա մեջ, Ադրբեջանը համարձակվեց ոտնձգություն իրականացնել հայկական օդուժի նկատմամբ:

Սակայն միայն այս փաստը ֆիքսելով ու առաջ անցնելով՝ կնմանվենք կամ միջազգային հանրությանը, կամ էլ սենսացիա փնտրող հայկական լրատվամիջոցներին, որոնք ադրբեջանցիների նկարահանած տեսագրությունները առանց հասկանալու, կամ էլ հասկանալով, բայց չգիտակցելով, թե ինչ վնասարարություն են կատարում, տարածում են՝ ինչքան կարող են: Այստեղ ոչ թե այդպիսի լրատվամիջոցների խնդիրն է ադրբեջանական քարոզչանյութեր չտարածելը, որովհետև բարոյականություն քարոզելով՝ նրանք հաստատ բարոյական չեն դառնա, այլ ՀՀ պատկան մարմինների խնդիրն է ապահովել երկրի ինֆորմացիոն անվտանգությունը ու թույլ չտալ նմանօրինակ նյութերի տարածում: Եւ խոսքի ազատության սահմանափակման հետ դա որևէ առնչություն չունի:

Վերադառնանք բուն նյութին ու ֆիքսենք մի քանի եղելություն: Նախ, դատելով առկա տեսագրություններից՝ կարելի է հստակ ասել, որ Ադրբեջանը նախապես պատրաստվել էր հայկական ուղղաթիռի վրա կրակելուն, այլապես հնարավոր չէր լինի այդ ամբողջ գործողությունը նկարահանել ու ներկայացնել հանրությանը:

Երկրորդ, որն ավելի սարսափելի է, և որով ապացուցվում է նաև ադրբեջանցիների՝ նախապես գործողությանը նախապատրաստված լինելը՝  ՀՀ ուղղաթիռը կործանած ադրբեջանցի զինվորականին անմիջապես պետական պարգևներ շնորհելն էր, որով Ադրբեջան պետությունը կարծես ձեռնոց է նետում միջազգային հանրությանն ու, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին:  Եւս մի ապացույց, որ Ադրբեջանը նախապատրաստվել էր նաև միջազգային արձագանքներին: Դատելով միջազգային հանրության մեղմ արձագանքներից, որոնցով կոչ է արվում պահպանել զինադադարը, և ոչ մի դատապարտող կոչ չի արվում Ադրբեջանի վերաբերյալ, այլ միայն մտահոգություն է հայտնվում կոնֆլիկտի վերսկսման կապակցությամբ, ու Հայաստանը հավասարեցվում է Ադրբեջանին, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանն այս ուղղությամբ նույնպես նախապես պատրաստվածություն է ունեցել:

Մեկ էլ կարելի է այսպիսի նախապատրաստություն հիշել մարդասպան Սաֆարովի էքստրադիցիայի ժամանակ, երբ միջազգային հանրության արձագանքը մի քանի անատամ հայտարարությունից այն կողմ չանցավ, ու մինչ այժմ էլ որևէ կերպ այն չի ազդել Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքի վրա: Հիշեցման կարգով ասեմ, որ այն ժամանակ էլ մարդասպան Սաֆարովը պետական պարգևատրում ստացավ, ինչպես երեկ տեղի ունեցած դեպքում գործողությունն իրականացնողը պարգևատրվեց  հայ սպանելու համար:

Այստեղից էլ գալիս է նաև ադրբեջանցիների անպատժելիության զգացումը, որ ինչպիսի հանցագործություն էլ իրականացնեն, միևնույն է, նրանք, նախ, չեն դատապարտվի/պատժվի միջազգային հանրության կողմից, երկրորդ` նրանք կպարգևատրվեն իրենց երկրի կողմից և կհռչակվեն իրենց ազգի երևելիներ:

Այս մտայնության խորացման դեպքում ադրբեջանցիները կանգ չեն առնի, և ամեն մեկը կցանկանա հայերի նկատմամբ տարաբնույթ հանցագործությունների միջոցով ինքն էլ արժանանա «հերոսական դափնիների»:

Հետեւաբար, սկսված գործընթացը կանխելու միայն մի միջոց կա՝ որ հայկական կողմը կարողանա կանխել այսպիսի սադրանքները:

Իսկ սանդրանքները կանխելու ամենաճիշտ միջոցը սադրանքներին չտրվել է, այլ ցանկացած գործողություն իրականացնել մտածված ու համակարգված, ու ամենակարևորը, որ սին հայտարարություններ չհնչեն Սաֆարովին պատժելու կամ  Ստեփանակերտի օդականավակայանի բացման առաջին ուղևորը լինելու, կամ էլ Բաքուն գրավելու մասին:

Այդպիսի հայտարարություններ անելով ու հետո ոչ մի իրական  գործողություն չձեռնարկելով՝ ավելի է մեծանում Ադրբեջանի ախորժակը, որովհետև նրանք էլ են տեսնում, որ այդպիսի հայտարարությունները պարզապես փուչ խոսքեր են, այնինչ՝ լուրջ գործերը կատարվում են առանց այդօրինակ հայտարարությունների, ինչի ներուժը, ի դեպ, մեր բանանը ունի և հանգիստ կարող է իրականացնել իր առջև դրված՝ թշնամու սադրանքների զսպման գործառույթը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում արտադրվող ալյուրը կհարստացվի ֆոլաթթվով և երկաթով’
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալիա – Հայաստան. պրոմոհոլովակ’