‘Առաքել Սեմիրջյան. Արցախը՝ մեր երազանքների Հայաստան’

13010

Կմտածեք այս օրով ճիշտ ժամանակը չէ սրա մասին խոսել, սակայն, ըստ իս, ամենաճիշտ ժամանակն էլ հենց այս օրերն են, այլապես դրա մասին ընդհանրապես իմաստ էլ չի լինի խոսելու:

Հայ և ադրբեջանցի ժողովուրդները և ընդհանրապես աշխարհիս երեսին գտնվող բոլոր ժողովուրդներն իրարից շատ քիչ բաներով են տարբերվում, ու էնպես չէ, որ հայերը բոլորը հերոսներ են, իսկ ադրբեջանցիները  վախկոտներ, կամ՝ հայերը բոլորը հանճարներ են, իսկ ադրբեջանցիները դեբիլներ, ու այդպես շարունակ:

Նյարդերից թույլերին նույնիսկ կասեմ, որ կան հազարավոր խառնամուսնություններ, ու եթե նույնիսկ մի ազգը մյուսից ի սկզբանե խելոք էլ է եղել, այդ խառնամուսնությունները բերել ու հավասարացրել են ազգերի «խելքերը»:

Որ սա էլ չասեմ, էլի խոսքս թերի կլինի,  դրա համար էլ ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ,  խառնամուսնություններից բացի, հազարավոր ու հարյուր հազարավոր մարդիկ ստիպողաբար կամ կամավոր փոխել են իրենց ազգությունը, և նույնիսկ մեր չսիրած Թուրքիայում այժմ ապրում են միլիոնավոր կրոնափոխ եղած հայեր, որոնք թեկուզ գենետիկորեն հայ են, սակայն՝ ազգությամբ թուրք, ու այս դեպքում դժվար է ասել, թե նրանք որպես հայ խելոք են ստացվել, թե որպես թուրք՝ ոչ այդքան:  Շատ խորացա թեմային չվերաբերող հարցերի շուրջ, բայց հոդվածի շրջանակներում սա պարտադիր էր, այլապես խոսքս չէի կարողանա ամբողջական դարձնել:

Բա այս դեպքում, կասեք, ի՞նչ տարբերություն ազգերի միջև, եթե բոլոր ազգերն ի սկզբանե նույն ընդունակություններն ունեն: Բացի նրանից, որ ամեն ազգ ունի իր առաքելությունն այս աշխարհի վրա, նաև ամեն ազգի առանձնահատկությունը ոչ թե նրա խելոք ու անխելք լինելն է, այլ  իր այդ առաքելությունը կատարելն ու չկատարելը:

Եթե խելոքությանը նայենք, մեր ազգի էպոսի հերոսներն ավելի շատ «ծուռ» են, քան խելոք, ու նրանց համարձակությունն ու անձնազոհությունն էլ են գալիս ավելի շատ նրանց ծռությունից ու մեր ազգային առաքելության գիտակցությունից,  քան որ նրանք ուրիշներից լավը կամ վատն են:

Վերադառնալով մեր օրերին՝ այժմ ազգերն ունեն պետություններ, իսկ այն ազգերը, որոնք չունեն անկախ պետություններ, երազում են դրա մասին, ու որոշների մոտ ստացվում է, որոշների մոտ՝ ոչ, սակայն, մեր դեպքում ասեմ, որ 5000 ազգերից միայն 200-ն ունեն պետություն, ու այդ պետություն ունեցողների մեջ մենք էլ  ենք, այն էլ՝ երկու պետությունով, մեկը միջազգայնորեն ճանաչված, մեկը՝ դեռ  ոչ:

Ցավոք սրտի, մեր այդ պետություններից Հայաստանն այսօր այդքան էլ մեր երազածը չէ, ու որոշ դեպքերում մենք զիջում ենք մեր հարևաններին տարբեր բնագավառներում: Ու այդ զիջումը ոչ թե ազգի խելոքության կամ անխելքության հետ է կապված, ոչ էլ որ Ադրբեջանը նավթ ունի, իսկ մենք՝ ոչ, այլ որ երկրում արդարությունն ինչպիսի մակարդակի վրա է, և ապագայում էլ հաղթանակ են տանելու այն պետությունները, որոնք իրենց պետության ներսում արդարության ավելի բարձր մակարդակ կունենան: Հիմա կասեք՝ արդյո՞ք Ադրբեջանը Հայաստանի համեմատ ավելի արդար է վարվում սեփական քաղաքացիների հետ, իսկ ես կպատասխանեմ, որ ամեն դեպքում նա կարողացել է համոզել իր քաղաքացիներին, որ ինչ անում է՝ հանուն արդարության է անում, իսկ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել ազգաբնակչությանը համոզել դա:

Հիմա Ադրբեջա՞նն է մեղավոր, որ Հայաստանում անարդարություն է տիրում, ու այդ անարդարությամբ ներծծված է ցանկացած բնագավառ, հիմա Ադրբեջա՞նն է մեղավոր, որ Հայաստանում տիրում են գողական բարքեր, իսկ Ադրբեջանը՝ ինչքան էլ բռնատիրական երկիր լինի, թեկուզ Հայաստանից հարյուրապատիկ անգամ բռնատիրական, երկրում գողական բարքեր չկան, և գողերը հեռու են պետական լծակներից, կամ էլ եթե ձեզ ավելի է այս տարբերակը ականջահաճո լսել՝ Ալիևը քշել է բոլոր տեսակի գողերին, ու ինքն է միակ հարց լուծողը:

Ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի, Արցախն այն պետությունն է, որտեղ արդարության մակարդակն անհամեմատ բարձր է, քան Հայաստանում ու Ադրբեջանում միասին վերցրած, ու այդ արդարությունն ու արդարության հանդեպ պատասխանատվությունն է, որ թեկուզ անսահման դժվարություններին՝ Արցախը և՛ նախկինում, և՛ այսօր, և՛ ապագայում դիմակայել է արհավիրքներն ու այժմ էլ հպարտ կանգնած է իր հողին:  Եթե համեմատում ենք Արցախի ու Հայաստանի ցանկացած բնագավառ, նույնիսկ ֆեյսբուքյան գրառում անողներն են ավելի պատասխանատու իրենց գրառումների մեջ, քան Հայաստանի օգտատերերն ու լրատվամիջոցները: Արցախում ոստիկաններն էլ երբևէ հանցագործին բաց չեն թողնի ու արդար մարդուն ձերբակալեն, մեծահարուստներն էլ չեն արհամարհի աղքատին և համարեն իրենցից ցածր, ու ոչ էլ որևէ մեկն իր որդուն կփախցնի առաջին գծից ու ուրիշների զավակների արյան գնով  կփորձի հերոսանալ: Իսկ Արցախի ժողովուրդն էլ ամենաշատն ատում է նրանց, ովքեր փորձում են ոտնահարել այդ «արդարության» զգացումը, և թեկուզ ծագումով արցախցի լինի, որը եկել է Հայաստան ու պաշտոն գրավելով դարձել միլիարդատեր, հենց արցախցին է ամենաշատը զզվում այդ մարդուց, որովհետև արցախցին գիտի, որ այդ պաշտոնյան ինչպիսի անարդարությունների միջոցով է դարձել միլիարդատեր:

Իսկ մեր նպատակը պետք է լինի Հայաստանը դարձնել Արցախի նման արդար պետություն, ու այդ դեպքում ոչ միայն Ադրբեջանը, այլ ցանկացած  երկիր չի կարողանա անարդար վարվել Հայաստանի հետ: 

Ավելի պատկերավոր ասած՝ այսօր առաջնագծում գտնվող երիտասարդները պետք է խաղաղություն վերադարձնելուց հետո Հայաստանի պետական կառավարման համակարգի առաջնագծում էլ կանգնած լինեն, ոչ թե անարդար ձևով նրանց փառքն ու վաստակը խլեն նրանք, ովքեր այս օրերին կազինոներից ու բարդակներից դուրս չէին գալիս:

Ցանկացած պետություն, որը կարողացավ իր արժանավորներին առաջ տանել, իսկ ավելի ծույլերին ու թույլերին ետ մղել, այդ պետությունն էլ հաջողություն կունենա, իսկ հակառակն անողները հաստատ որևէ հաջողության չեն հասնի, ինչքան էլ գենետիկորեն «հանճարեղ» լինեն:

 

Նախորդ հոդվածը‘Արեշեւ. Տեր-Պետրոսյանի կարեւոր հոդվածը’
Հաջորդ հոդվածը‘Օզիլ. «Ցանկանում եմ, որ Զիդանը լինի իմ մարզիչը»’