‘Առաքել Սեմիրջյան. Չափազանցության ու կեղծիքի կործանարար հետևանքները’

1685

Հայաստանի խնդիրները քիչ չեն, ու դրանց լուծման համար անհրաժեշտ է նախ և առաջ քաղաքականությունը զերծ պահել չափազանցություններից ու կեղծիքներից, այլապես կխճճվենք մեր խնդիրների մեջ ու այդպես էլ չենք կարող դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Ինչպես հայտնի է՝ քաղաքականության մեջ, ինչպես այլ բնագավառներում` սրբեր չկան, իսկ եթե կան էլ՝ ինձ բախտ չի վիճակվել այդպիսիների հանդիպել, ու ընդհանրապես մարդուն սրբացնելը ինքնին «մեղք» է, որովհետև մենք չենք որոշողը` ով պետք է սուրբ լինի, իսկ ով՝ ոչ:

Ասածս ամենևին չի նշանակում, որ ազնիվ մարդիկ քաղաքականության մեջ կամ Հայաստանում ընդհանրապես չկան: Բայց երբ այդ նույն ազնիվ մարդուն չափազանցության միջոցով փորձում ես սրբացնել կամ սուրբ անվանել, ինքնին առաջ է գալիս կեղծիք, որի պատճառով արդեն իսկ կասկածի տակ է ընկնում տվյալ մարդու ազնվությունը: Այսինքն, չափազանցությունը ոչ թե այս պարագայում մարդկային հատկանիշներն առավելագույնս գնահատելու ձև է դառնում, այլ ճիշտ հակառակը` մարդու ազնվությունը կասկածի տակ դնելու միջոց:

Նույնը կարելի է ասել մարդուն «դեմոնիզացնելու» հետ կապված. երբ մարդուն վերագրվում են այնպիս մեղքեր, որոնք նա չի գործել, դրանով իսկ` իբր նրա մեղավորության աստիճանը բարձրացնելու համար: Սակայն, այդ պարագայում ստացվում է ճիշտ հակառակ գործընթացը. երբ մարդը մեղադրվում է այն մեղքի համար, որն ինքը չի կատարել, մեխանիկորեն կասկած է առաջանում նաեւ բոլոր այն մեղքերի նկատմամբ, որոնք իրականում նա կատարել է:

Այս պարզ ճշմարտությունը դրված է նաև իրավագիտության մեջ: Ցանկացած քրեական գործ քննելու ընթացքում, եթե նույնիսկ «բացահայտ» հանցագործի են դատում, ու տվյալ հանցագործության իրեղեն ապացույցները ոչ իրավական ճանապարհով են ձեռք բերվել, ուրեմն` արդեն այդ ամբողջ դատավարությունն ընկնում է կասկածի տակ, և հանցագործն այդ պատճառաբանությամբ կարող է հայտնվել ազատության մեջ:

Ասածս չնայած ամրագրված է օրենքով, բայց քանի որ Հայաստանում դատարանները չեն գործում արդարադատության սկզբունքով, այս հարցն էլ չի քննարկվում: Սակայն, օրինակ՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում փաստաբանների ներկայացրած ցանկացած այնպիսի երևույթ, որտեղ հստակ կերևա, որ նախաքննության փուլում օրինապահները հանցագործության մեջ կասկածվողի նկատմամբ ապօրինություն են թույլ տվել, անկախ հանցագործության տեսակից` հանցագործության մեջ կասկածվողը անմիջապես արդարացվում է:

Սա ոչ միայն իրավագիտությանն է վերաբերում, որը մարդկային հարաբերությունների ընդամենը մի մասն է կարգավորում, այլ նաև ցանկացած բնագավառում է կիրառելի:

Քաղաքականության մեջ դա արտահայտվում է նրանով, որ երբ մեկին մեղադրելու համար տվյալ մարդուն «չսիրողները» այնպիսի բաներ են վերագրում նրան, ինչը նա, այս կամ այն պատճառով, չէր կարող ուղղակի արած լինել, իրականում կատարած նրա հանցագործություններն ու  ապօրինություններն էլ են կասկածի տակ դրվում:

Դրա համար էլ տվյալ մարդն իր նկատմամբ կիրառվող սուտը կամ չափազանցությունը կարող է օգտագործել ինքզինքն արդարացնելու և դիմացիններին ստախոսության կամ կեղծիքի մեջ մեղադրելու համար, թե տեսեք՝ հանիրավի չկատարած մեղքեր են վերագրում իրեն:

Այսպիսի լզողվածության հետեւանքով է, որ  այս կամ այն ուժի ներկայացուցիչները սկսում են իրար բաժանել սրբերի և սատանաների, ու երկու կողմն էլ իրեն «ճիշտ» է համարում, քանի որ ի սկզբանե հարցադրումն է սխալ դրված:

Իսկ հարցադրումը ճշտելու համար ընդամենն անհրաժեշտ է զերծ մնալ չափազանցություններից ու կեղծիքից և ելակետ վերցնել ոչ թե սրբերին, հերոս տղաներին, սատանաներին կամ զոմբիներին, այլ պարզ ազնվությունը եւ անազնվությունը: Այսինքն, եթե այս կամ այն ոլորտի ներկայացուցիչն` այս կամ այն ոլորտում (տվյալ դեպքում քաղաքական գործիչը` քաղաքականության մեջ) անազնվություն է թույլ տվել, ուրեմն չպիտի վստահել նրան, իսկ եթե ազնիվ է եղել՝ շարունակեն վստահել:

 

Նախորդ հոդվածը‘Ինչու է Սերժ Սարգսյանը պարգեւատրել Բաբուխանյանին-2. Գնահատված ծաղրանկարները ‘
Հաջորդ հոդվածը‘«Նյու Յուրք Կոսմոսը» հայտարարել է Ռաուլի հետ պայմանագիր ստորագրելու մասին’