‘Առաքել Սեմիրջյան. Սահմանադրությունն ու գնդակահարության պատը’

1683

«Կանցնեն տարիներ, և իշխանություններն ու նրանց խոսնակները կհայտարարեն, թե պետք է սահմանադրական բարեփոխումների միջոցով քանդել գնդակահարության պատը, որովհետև մեր բոլոր ազգային խնդիրների պատճառը այդ պատն է, որի ապամոնտաժելու դեպքում և՛ գնդակահարություններն ու հանցագործությունները կվերանան, և՛ Հայաստանը կդառնա երկիր դրախտավայր»:

Համարյա այսպես են ներկայացվում բոլոր այն «արգումենտները», որոնք բերվում են հօգուտ սահմանադրական բարեփոխումների: Սակայն փորձենք տեսնել, թե արդյո՞ք նրանց «պատկերացումները» գոնե չնչին ձևով համապատասխանում են իրականությանը:

Ենթադրենք՝ նոր առաջարկվող Սահմանադրությունը բովանդակությամբ աշխարհի ամենահրաշալի Սահմանադրությունն է, որին առաջավոր մարդկությունը դեռ չի էլ հասել, ու միայն հայ սահմանադրագետների ու իշխանավորների մտքում է այն հասունացել: Ի՞նչ է սրանից բխում. որ Հայաստանի կոռուպցիան կքչանա՞, թե՞ տնտեսությունը կզարգանա, կամ իշխանությունները կդադարեն ընտրություններ կեղծե՞լ, կամ էլ Հոկտեմբեր 27-ը կամ Մարտի մեկը կբացահայտվե՞ն: 

Եթե իրականում այդպես եք կարծում՝ նշանակում է համարում եք, որ Սերժ Սարգսյանին միայն հին Սահմանադրությունն է խանգարել Հայաստանին սպառնացող նշածս խնդիրների լուծմանը, իսկ նոր Սահմանադրության դեպքում, այ, վարչակարգը կդադարի այդպիսի արարքներ գործել:  

Այսինքն, ստացվում է՝ Սերժ Սարգսյանը կամավոր հրաժարվում է այն մեխանիզմից, որով նա եկել է իշխանության և այսքան տարի պահում է իր իշխանությո՞ւնը: Այդ պարագայում՝ մի հարց. ի՞նչն է խանգարում նույն Սերժ Սարգսյանին և գործող իշխանություններին բացահայտելու Մարտի 1-ի սպանությունները, չէ՞ որ բոլորին էլ հայտնի է, որ առանց Մարտի 1-ի ոճրագործության՝ հազիվ թե Սերժ Սարգսյանը կարողանար կարգվել երկրի նախագահ: Սահմանադրությունը փոխելու փոխարեն, եթե մարդը իրապես ցանկանում է, որ երկրում տեղի ունենան բարեփոխումներ, բարոյապես ավելի ազնիվ չէ՞ր լինի սկզբից բացահայտել Մարտի մեկի կազմակերպիչներին ու մարդասպաններին, որից հետո Սահմանադրությունն էլ կարող է բարեփոխել, մնացած օրենքներն էլ հետը:

Ենթադրենք, մեկն անընդմեջ մարդասպանություն է գործել և անպատիժ մնացել: Հետո  նա հայտարարում է, որ պետք է երկրում ծխելու դեմ օրենք ընդունել և սահմանել, որ հասարակական վայրերում չի կարելի ծխախոտ օգտագործել, քանի որ այն սպառնում է մարդկանց առողջությանը, և որ հենց դա է պատճառը, որ մարդիկ ժամանակից շուտ մահանում են: Դրանից հետո որոշ «ազնիվ» մարդիկ պետք է շուռ գան ու ասեն, թե տեսեք՝ ինչ ճիշտ առաջա՞րկ է անում սույն պարոնը, ինչ է թե՝  իրապես ծխելը վնասակար է առողջությանը:

Իհարկե, ասածս ամենեւին չի վերաբերում ՀՀ իշխանություններին, քանի որ նրանք երբեք որևէ հանցագործություն չեն կատարել, դե իսկ Սահմանադրությունն էլ ցանկանում են փոխել միայն ազնիվ մղումներից դրդված: Բայց, ամեն դեպքում, տրամաբանական հարց է առաջանում, եթե այսօրվա Սահմանադրությունը այդքան վատն է, որ հնարավորություն է տվել մարդկանց հանցագործություններ գործել ու անպատիժ մնալ, ապա ո՞րն է երաշխիքը, որ վաղվա Սահմանադրության գոյության դեպքում այդ նույն հանցագործները կդադարեն հանցագործություն գործել՝ միայն այն բանից ելնելով, որ Սահմանադրությունը լավն է:

Է, եթե այդպես ապաշխարել էին ուզում, ապա ի՞նչն է նրանց խանգարում մինչև սահմանադրական բարեփոխումները ընդունել իրենց մեղքերը և կամավոր գնալ ուղղիչ աշխատանքային գաղութներ` իրենց արժանի պատիժը կրելու, կամ էլ ինքնախոստովանական ցուցմունքներ տալ և օգնել բացահայտելու հանցագործության ամենամեծ մեղավորներին:

Ու այս պարագայում ամենամեծ մեղավորը հաստատ Սահմանադրությունը չի լինի, դեռ հակառակը, Սահմանադրությունը որոշակի զսպող մեխանիզմներ ունի իր մեջ, որը, թեկուզ ֆորմալ, բայց, ամեն դեպքում՝ հնարավորություն չի տալիս հանցագործներին՝ հավերժացնելու իրենց իշխանությունը:

Հ.Գ. Որքան էլ ծխելը չարիք է մարդկության համար, ավելի մեծ չարիք է հանցագործություն անելն ու չպատժվելը: Ու դեռ փորձելը՝ այդ ծխածածկույթի տակ թողնել բոլոր կատարված հանցագործություններն ու իշխանությունը երկարաձգել այնքան ժամանակ, մինչև հանցագործությունների բոլոր ականատեսներն ու հանցագործության դեմ իրական պայքար մղողները մահանան թոքերի քաղցկեղից:

 

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենը կոչ է անում ԱԺ-ում քննարկել ինչպես քաղաքական, այնպես էլ ոչ քաղաքական խնդիրները’
Հաջորդ հոդվածը‘ «Բարսելոնա»-«Այաքս». Խաղից առաջ’