‘Առաքել Սեմիրջյան. Vanilla Sky’

1762

Ամերիկյան այս ֆիլմն այն քիչ ֆիլմերից է, որը մարդուն ստիպում է մտածել իրականության և երազայինի սահմանագծի բարակության մասին, իսկ որոշ դեպքերում էլ իրականն ու երազայինը իրարից տարբերելու անհնարինության մասին: Իհարկե, կարող ենք շատ ավելի հետ գնալ ու մտնելով փիլիսոփայական հարթություն՝ ինքներս մեզ հարցեր տալ, թե արդյո՞ք այս ամբողջ աշխարհը երազ չէ, կամ արդյո՞ք մենք ինչ- որ մեկի երազի արգասիքը չենք, սակայն փորձենք մի փոքր այլ հարթությունից հարցերին նայել և զրույցի համար ընդունենք մի քանի եզրույթ, որից հետո շարժվենք առաջ:

Նշված ֆիլմում  հերոսը կոմայի մեջ է, և բժիշկները նրա ուղեղին դրական լիցքեր են հաղորդում, որպեսզի նա տեսնի միայն գունազարդ երազներ: Սակայն տեխնիկական խնդիրների պատճառով բժիշկների հաղորդած ինֆորմացիայի մեջ ծրագրային աննշան սխալ է տեղի ունենում, և կոմայի մեջ գտնվող մարդու մեջ ներքին բախում է առաջանում` ընդունել իրականությունը և փորձել արթնանա՞լ, թե՞ բժիշկների առաջարկով ուղղել ծրագրային սխալը և շարունակել քնած ապրել երազային «վանիլային երկնքում»:

Իրականում՝ ցանկացած մարդու մոտ էլ այդպիսի այլընտրանք առաջանում է մեծ կորուստների կամ մեծ երջանկության «անցման» ժամանակ. առանց կոմայի մեջ ընկնելու էլ մարդ պետք է ինքն իր համար ընտրություն կատարի՝ հաշտվե՞լ իրականության հետ, թե՞ ապրել հիշողությանների մեջ: Այս թեման շատ հետաքրքիր հոգեբանական թեմա է, սակայն քանի որ հոդվածը քաղաքական բնույթ ունի, փորձենք այն տեղափոխել քաղաքական հարթութուն: 

Կա՞ արդյոք Հայաստանում մեկը, որը չի ուզենա ծովից ծով Հայաստան ունենալ: Իհարկե՝ ոչ: Կա՞ Հայաստանում մեկը, ով կուզենա Հայաստանը տնտեսապես ու բարոյապես լքված վիճակում տեսնել: Կրկին՝ իհարկե՝ ոչ: Կա՞ Հայաստանում մեկը, ով կուզենար, որ Հայաստանը կորցնի իր ինքնիշխանւթյան մի մասը. խոսքը անմեղսունակներին չի վերաբերում: Կրկին, իհարկե՝ ոչ:

Այդ դեպքում, կա՞ արդյոք Հայաստանում մեկը, ով չէր ցանկանա, որ Հայաստանը կարողանար  իր անվտանգության հարցերը ինքնուրույն կարգավորել, և որ տնտեսությունը չգտնվեր ծանր վիճակում, միաժամանակ՝ նաև ժողովրդավարական արժեքներով առաջնորդվեր:

Սակայն ելակետն այն է, որ այսօր Հայաստանը չի կարողանում ինքնուրույն իր անվտանգության հարցերը լուծել, այդ իսկ պատճառով ստիպված է ցանկացած հարց քննարկելիս, նախ և առաջ,, հաշվի առնել այդ հանգամանքը: Իհարկե, շատ լավ կլիներ, որ այդ հարցը լուծված լիներ, մենք էլ անցնեինք մնացած հարյուրավոր հարցերի լուծմանը, սակայն առանց այս հարցը որպես ելակետ ընդունելու՝ մնացած հարցերը հնարավոր չէ լուծել:

Իհարկե, կարելի է քննարկել արդյունավետության ու ոչ արդյունավետության խնդիրները, սակայն երբ բուն հարցը թողած՝ սկսում են ընկնել երազների գիրկը, այդտեղ տեղի է ունենում ներքին կոնֆլիկտ, որից հետո մարդ պետք է կարողանա ընտրություն կատարել. կամ նա հաշտվում է իրականության հետ ու փորձում ելքեր գտնել, կամ հայտարարում է, որ սա չէ իրականությունը, և ապրում է իր երազների աշխարհում: Մարդու համար այս ընտրությունը դեռ հնարավոր է, սակայն քաղաքական ուժերը այսպիսի ընտրության հնարավորություն չունեն, այլապես կդադարեն քաղաքական ուժ լինելուց կամ էլ կկործանեն երկիրը` իրականությունն ու երազը իրար հետ խառնելու արդյունքում: Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, որն այս երևույթների իրար խառնելու պատճառով դարասկզբին ունեցավ ահռելի մարդկային ու տարածքային կորուստներ, երբ իշխանությունները ազգի երազանքները շփոթեցին  պետության իրական ռեսուրսների հետ, այնպես էլ Գերմանիայի պես պետության՝ երկու համաշխարհային պատերազմներում կրած պարտություններին, որոնք երկուսն էլ հենց այս հեքիաթայինի ու իրականի  շփոթի հետևանքն էին:

Հիմա կասեք, բա ազգը ինչպե՞ս ապրի առանց երազանքի: Չէ, ես դրան դեմ չեմ: Ասածս այն է, սակայն, որ երբևէ երազը պետք չէ չխառնել իրականության հետ: Իսկ առանձին գործելու ու հասկանալու դեպքում, այն է՝ որ դրանք տարբեր բաներ են, հնարավոր է նաև ժամանակի ընթացքում որոշակի երազանքներ իրականություն դարձնել:

Բժիշկներն ամենաշատն են առնչվում իրականության հետ, դրա համար էլ ամենաշատ մեղադրանքներն իրենց հասցեին է ուղղված:

Չբացառելով «հրաշքի» գոյությունը՝ կան հիվանդություններ, որոնք այս կամ այն աստիճանի զարգացման դինամիկա ունեն, ու տրամաբանական շղթա է կազմված, թե ինչից հետո ինչ է հաջորդելու: Ու երբ մեկի մոտ առկա  է խորացած փտախտ, և հիվանդի կյանքը փրկելու նպատակով բժիշկն առաջարկում է հեռացնել ախտահարված վերջույթը, իրականությունից կտրված մարդիկ կասեն, որ ավելի լավ է՝ մարդ մահանա, քան ապրի անդամալույծ վիճակում, կամ երաշխիքներ կփորձի ստանալ բժշկից, թե վերջույթի հեռացման դեպքում արդյո՞ք կփրկվի հիվանդի կյանքը:

Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ մեկ տարի հետո Հայաստանում ավելի լավ է լինելու, բայց եթե խոսքը հիվանդի կյանքն այսօր փրկելու կամ անդամահատման միջև ընտրության մասին է, փորձառու բժիշկը կընտրի երկրորդ տարբերակը: Իհարկե, կարելի է քննարկել, թե հնարավո՞ր էր մի քիչ էլ սպասել, միգուցե հայտնաբերվի մի այնպիսի դեղամիջոց, որով կարելի էր բուժել հիվանդին, կամ ՝Աստված բարեհաճ կգտնվի ու կփրկի այդ մարդու կյանքը, կամ՝ եթե մի փոքր շուտ ախտորոշած լինեինք, հնարավոր էր՝ այս օրվան հասած չլինեինք, հետեւաբար՝ եկեք մի փոքր էլ սպասենք: Սակայն, ցավոք սրտի, ցանկացած երևույթ կատարվում է ժամանակի մեջ, ու պետք է հենց այդ ժամանակի մեջ էլ մարդ իր ընտրությունը կատարի. արդյո՞ք համակերպվում է իրականության հետ ու փորձում դրանից ելքեր գտնել, թե՞ սպասում է Հրաշքի: 

Նախորդ հոդվածը‘Հարցազրույց Ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորի հետ (ֆիլմի թրեյլեր)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ինքնահերքումը ‘