‘Ասանժին թույլ են տվել անսահմանափակ ժամանակով մնալ Էկվադորի դեսպանատանը’

857

Էկվադորը երկարացրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստան տրամադրելու ժամկետը: Ինչպես հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով լատինաամերիկյան երկրի ԱԳՆ-ին, նա կարող է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մնալ այնքան ժամանակ, որքան պետք լինի:

«Կիտոն հաստատում է իր մտադրությունը՝ շարունակել Ասանժի պաշտպանությունն այնքան ժամանակ, որքան կպահանջվի, քանի դեռ նա չի հայտնվել անվտանգ վայրում»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Ընդ որում՝ Էկվադորի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Շվեդիայի իրավապահ մարմինների հետ: «Շվեդիայի ներկայացուցիչները կարող են այցելել Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն՝ Ասանժից ցուցմունքներ վերցնելու համար, կամ էլ կարող են դա անել տեսակոնֆերանսի միջոցով»,- նշել է Էկվադորի ԱԳՆ-ն:

Նոյեմբերի 20-ին Շվեդիայի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ասանժի ձերբակալման միջազգային օրդերը՝ դա հիմնավորելով նրանով, որ այն հանցագործությունները, որոնցում նա մեղադրվում է, «չափազանց լուրջ են»: Դատավորը մտավախություն է հայտնել, թե WikiLeaks-ի հիմնադիրը «կարող է փախչել և այդ կերպ խույս տալ դատաքննությունից», հաղորդել է CNN-ը:

Ջուլիան Ասանժը Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թ. հունիսի 19-ից: Շվեդիայի իշխանությունները նրան մեղադրում են բռնաբարության մեջ և Լոնդոնից պահանջում են անհապաղ հանձնել նրան: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ-ի տեսնյութը՝ ուղղաթիռի անձնակազմի տարհանման գործողության մասին’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Հայաստանի հպարտությունը’