‘Արամ Մանուկյանն ու մարտիմեկյան սպանդի զոհերի հարազատները հանդիպել են Գ.Կոստանյանի հետ (լրացված, տեսանյութ) ‘

2024

Մարտիմեկյան սպանդի զոհերի հարազատներն ու ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր գլխավոր դատախազությունում հանդիպել են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Հանդիպումը նախաձեռնել են զոհերի հարազատները, իսկ պատճառը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունն էր, թե իբր մարտի 1-ի մասով բոլոր բացահայտումներն արվել են, իսկ եթե կան էլ խոչընդոտներ, ապա դրանք զոհերի հարազատներն են ստեղծում: 

Մեկ ժամ տեւած հանդիպումից հետո զոհերի հարազատները նշեցին, թե Կոստանյանը հուսադրող խոստումներ է տվել, սակայն «ինքը՝ ի՞նչ կանի, ինչքա՞ն կբացահայտի», բնականաբար ցույց կտա ժամանակը:
Հանդիպմանը մասնակցած ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ, լրագրողների հետ զրույցում, նշեց. «Բոլոր դեպքերում հանդիպումն օգտակար էր, անհրաժեշտ էր, ես գոհ եմ, որ դատախազն ընդունեց ծնողներին, պայմանավորվեցինք ինչ-որ բաներ անել, մենք՝ ԱԺ-ում, ինքը՝ Կառավարությունում խնդիրները ներկայացնենք: Փորձենք: Շատ երկար չենք սպասի: Հնարավորինս կարճ ժամկետում կզգացվի՝ ինքը խոսքի տե՞րն է, թե՞ չէ և գործով է ապացուցելու է այն, ինչ որ ասել է»:
Մարտիմեկյան սպանդի զոհ Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանն ասաց, որ երբ նախկին դատախազը հայտարարեց, որ Մարտի 1-ի հանացագործները պատժված են, իրենք ուզում էին պարզել, որ եթե ոչ մեկ պատժված չէ, ինչո՞ւ էր նախկին դատախազն այդպիսի հայտարարություն անում: Անդրադառնալով վերոհիշյալ հայտարարությանը՝ Արամ Մանուկյանն ասաց, որ դա անամոթ հայատարարություն էր, չի կարելի այդպիսի հայտարարություն անել և «այս մարդկանց վերքին ևս մի վերք ավելացնել»: Հանդիպման ընթացքում զոհերի ծնողները Կոստանյանից ցանկացել են իմանալ, թե ինչո՞ւ փոխվեց  քննչական խումբը, ինչո՞ւ քննչական խմբի ղեկավարը փոխվեց, ինչո՞ւ այդպիսի հայտարարություններ արեց նախկին դատախազը, քննչականի պետը, և այդ հարցերը պատասխաններ են պահանջում:
Ամեն դեպքում, Արամ Մանուկյանի խոսքերով, ամբողջությամբ գործը բացահայտելու համար պետք է իշխանափոխություն լինի:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Մինդիա Ջանելիձեն’
Հաջորդ հոդվածը‘Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվել՝ առկա է տեսագրություն. ՊՆ’